Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր հերթական աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էր:
Մարզպետը նախ այցելել է Կարենիս բնակավայր, որտեղ մարզպետարան-համայնք համագործակցության արդյունքում և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնվել է նախակրթարան:
Ներկայում նախակրթարան է այցելում 12 երեխա: Նախակրթարանում առկա են բոլոր պայմանները փոքրիկների առօրյան առավել հետաքրքիր ու հագեցած դարձնելու համար:
Նշենք, որ երբևէ այս համայնքում նախադպրոցական որևէ հաստատություն չի գործել:
Հաջորդիվ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Չարենցավանի բժշկական կենտրոնի՝ շուրջ 15 տարի շարունակ լքված մասնաշենք, որը կապիտալ հիմնանորոգվել է ու կծառայի որպես քաղաքային պոլիկլինիկա: Շենքն ունի երկու մուտք, երեք հարկ:
Մասնաշենքի հիմնանորոգված հարկաբաժնում կտեղակայվեն առանձնացված մանկական և թերապևտիկ մի շարք բաժանմունքներ: Արդեն նոյեմբեր ամսվա կեսերին տեղի կունենա պոլիկլինիկայի բացումը: Եռահարկ շենքը հիմնանորոգվում և կահավորվում է բացառապես մարզային ենթակայության այս բուժ.կենտրոնի բյուջեի խնայողությունների հաշվին:
Բժշկական կենտրոն կատարած այցից հետո մարզպետը շրջել է նաև Չարենցավանի բակային տարածքներով, որտեղ համայնքապետարանի և կառավարության 55/45 տոկոս համաֆինանսավորմամբ, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իրականացվել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ:
12.500 քմ տարածքից ասֆալտապատվել է շուրջ 2.500 քմ տարածք: Նախապատվությունը տրվել է ծայրահեղ վատ վիճակում գտնվող բակային հատվածներին: Մնացյալ հատվածների ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն արդեն հաջորդ տարի:
Ի դեպ, Չարենցավանում ներկայում կա շուրջ 200 բազմաբնակարան շենք:
Մարզպետի այցի հաջորդ կանգառը Ֆանտան բնակավայրի միջնակարգ դպրոցում էր, որի մարզադահլիճը Չարենցավան համայնքի բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է: Համայնքի ներդրումը կազմել է շուրջ 1.500.000 դրամ: Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մոտ մեկուկես ամսից:
Հիշեցնենք, որ այստեղ կա նաև նախակրթարանի խնդիր:
Այցի ավարտին մարզպետը առաջարկել է հանդիպում-քննարկում կազմակերպել՝ խնդիրը խորքային հասկանալու, գնահատելու ու արդեն հաջորդ տարի նաև այստեղ սկսելու նախակրթարան հիմնելու գործընթաց:
Գրում է Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքը։