fbpx
Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկա է գտնվել ՀԱԱՀ-ում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Ստացի՛ր կրթություն, գտի՛ր աշխատանք, կառուցի՛ր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին:

Տոնավաճառի նպատակն էր ստեղծել յուրահատուկ հարթակ գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև: Միջոցառմանը մասնակցել են շուրջ 60 գործատուներ, այդ թվում` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ֆինանսական կառույցներ, հայաստանյան առաջատար արտադրողներ, հասարակական կազմակերպություններ:

Միջոցառման ընթացքում ուսանողները և շրջանավարտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հանրապետության լավագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, ստանալու տեղեկատվություն պրակտիկաների, թափուր աշխատատեղերի մասին, ընդգրկվելու գործատուների կադրերի բազայում, ինչպես նաև գտնելու մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանք:

Միաժամանակ գործատուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու թափուր աշխատատեղերի հավակնորդների հետ, գտնելու համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեցող մասնագետներ։

Ողջունելով աշխատանքի տոնավաճառի մասնակիցներին` Տիգրան Գաբրիելյանը մասնավորապես նշել է, որ այս միջոցառումը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու այն պահանջները, որոնք այսօր գործատուն դնում է աշխատուժի առջև, բուհերի աշխատանքն ուղղելու ժամանակի և շուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստմանը, որոնք կհամալրեն աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերը:

Այնուհետև Տիգրան Գաբրիելյանը շրջել է տոնավաճառի տարածքով, ծանոթացել գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցել գործատուների և աշխատանք փնտրող երիտասարդների հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ