fbpx
Իրավական

Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել են այլ հանցավոր դրսևորումներ ևս: Բազմադրվագ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի 40-ամյա բնակչին:

Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննության տվյալներով՝ Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1979 թվականին, 2019 թվականի մարտի 30-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության «Մեխանիկական արտադրամաս»-ի լուսամուտի պոլիէթիլենային թաղանթը պոկելու միջոցով ապօրինի մուտք է գործել արտադրամասի տարածք և այնտեղից գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող էլեկտրաեռակցման պղնձյա մալուխ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նույն անձի կողմից կատարվել են նաև այլ հանցագործություններ ևս:

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձը 2015 թվականի նոյեմբեր ամսին, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, ցանկապատի վրայով բարձրանալու եղանակով դարձյալ ապօրինի մուտք է գործել «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության՝ այս անգամ «Մեխանիկական արտադրամաս»-ի տարածք և այնտեղից գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող ամբարձիչի 2 հատ մարտկոց և օդամղիչ շարժիչի գործարկիչ:

Գողության մեկ այլ դեպք էլ կատարվել է 2019 թվականի մարտի վերջերին. 40-ամյա տղամարդը, օգտվելով անասնագոմի դռան՝ փականով փակված չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել «Մանես-Վալեքս» ՓԲ ընկերությանը պատկանող չօգտագործվող անասնագոմ և այնտեղից գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող 11 հատ փոքր և 1 հատ մեծ էլեկտրական անջատիչներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև՝ Լոռու մարզի բնակիչի կողմից ռազմամթերք հանդիսացող՝ 16 հատ 7,62 մմ տրամաչափի հրացանային մարտական և մեկ հատ 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային հրացանային փամփուշտներ ապօրինի ձեռք բերելու ու դրանք իր կողմից փաստացի օգտագործվող բնակարանում ապօրինի պահելու վերաբերյալ:

Բացի այդ, պարզվել է, որ նույն անձը 2015 թվականի ամռանն ապօրինի պատրաստել և իր բնակարանում ապօրինի պահել է 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ինքնաշեն ակոսափող հրազեն:

Նախաքննության ընթացքում պարզվել նաև, որ Լոռու մարզի 40-ամյա բնակիչը, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար, ապօրինի պատրաստել և իր բնակարաններում ապօրինի պահել է զգալի չափերով՝ ընդհանուր 10.42 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Փամփուշտները, հրազենը և թմրամիջոցները հայտնաբերվել և առգրավվել են բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված զննությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 235-րդ հոդվածի 1-ին մասով, 236-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ