fbpx
Իրավական

Արա Վարդանյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց բողոքը

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը մերժվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

«Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանն իր մեջ ուժ չգտավ (ճիշտ էին, փաստորեն հուշում բազմաթիվ ընկերներս) բավարարել մեր կողմից ներկայացված բողոքն ու ազատ արձակել Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին։

Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ այն պայմաններում, երբ դրա համար օրենքով նախատեսված որևէ պայման ու հիմք գոյություն չունի, երբ նա մեկ տարի ու երեք ամիս լինելով մեղադրյալի կարգավիճակում որևէ կերպ չի խախատել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավի որևէ պայման։

Ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ Արա Վարդանյանի ու հիմնադրամի նկատմամբ կա «հատուկ» ուշադրություն իշխանության կողմից, հակառակ պարագայում նման որոշումներն ուղղակի բացառված էին։
Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Արա Վարդանյանը հետապնդվում ու փաստացի պատժի է ենթարկվում իր քաղաքական ու հասարակական գործունեության համար միայն։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, քրեական հետապնդումների շղարշով իրականացվող ցանկացած քաղաքական գործընթաց հակապետական է»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել յուրացման կամ վատնման հոդվածով: Հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվել էր և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։ Կալանավորման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան, և մի քանի օր տևած բողոքի քննությունից հետո դատարանը երեկ հեռացել էր խորրդակցական սենյակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ