Երեկ Զագրեբում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համաժողովը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ևս ԵԺԿ անդամ է։ Ինչպես տեղեկացրել էինք, համաժողովին ելույթ է ունեցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ երրորդ նախագահի ելույթը հիմնականում վերաբերում էր Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու դրան հետևած գործընթացներին:
Իշխող «Իմ քայլ»-ից Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախկին նախագահի հայտարարությունները մտացածին է համարում՝ հեգնելով, թե հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած Սարգսյանը դեռ չի վերադարձել իրականություն։
«Կարծում եմ՝ այս ամենը արվում է զուտ Սերժ Սարգսյանի անհանգստությունից ելնելով, որովհետև Սերժ Սարգսյանը քաջ հասկանում է, որ, այնուամենայնիվ, էն հայտարարությունները, որոնք իրենք անում են, որ «Սերժին բռնելու են», «Սերժին ձերբակալելու են», իրենք ավելի լավ գիտեն, որ, ամենայն հավանականությամբ, ինչ-որ առիթ ոնց էլ լինի՝ ինչ-որ մի տեղից դուրս է գալու, և Սերժ Սարգսյանը փորձում է սրանով պաշտպանվել», – «Ազատության» հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
Սարգսյանը հայտարարել է, թե ինքն անցած տարի հեռացավ, քանի որ ցանկանում էր, որ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել, սակայն հիմա իրեն մեղադրում են, որ իշխանությունը պոպուլիստներին է զիջել։ Հետո էլ ասել է, թե ինքը հասել է այդ համագումարին՝ պաշտպանելու այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հայաստանցիները տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում։
«Այո, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը», – նշել է պաշտոնաթող նախագահը:
ԱԺ փոխնախագահը Սերժ Սարգսյանին է պոպուլիստ անվանում, այս ելույթը դրա վառ ապացույց է համարում։ «Ցինիզմ է այդ ամբիոնից նման հայտարարություններ անելը»,-ասում է Ալեն Սիմոնյանը։
«Այն պահից սկսած, երբ որ մարդը զգում է, որ իրեն չեն հարգում, իրեն ծաղրում են, թեկուզ այ սենց ձևով՝ հեռակա, էսպես ասած, ժողովրդական լեզվով ասած՝ էշի տեղ են դնում, մարդը, ներքուստ մերժողականություն է մարդու մոտ առաջանում: Ինքը դա չի հասկանում: Մենակ էն բանը, որ ինքը արդեն չկա ու տենց դատարկ դահլիճներում երկու րոպեանոց արագ-արագ ելույթ է ունենում, դա արդեն հեղափոխական բեկում է Հայաստանի Հանրապետության համար», – ընդգծեց խորհրդարանի փոխխոսնակը՝ շարունակելով․ – «Իսկ մնացածի մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լավ տեսնում են, լավ գնահատում են»:
Սարգսյանը ԵԺԿ ամբիոնից խոսել է նաև արցախյան հակամարտության մասին։ Մտահոգ է՝ ներկայիս բանակցային գործընթացն իր սրտով չէ։
«Շատ կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին։ Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում», – հայտարարել է Հայաստանի նախկին նախագահը։
Ալեն Սիմոնյանն ասում է՝ բնական է՝ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր պատկերացումներ ունեն բանակցային գործընթացի վերաբերյալ։ Շեշտում է՝ այդ առումով այսօր Հայաստանի վարկանիշն ու ուժն ավելի բարձր են, խոսքն ավելի լսելի է բանակցային գործընթացում, քան Սարգսյանի իշխանության տարիներին։
«Իր համար մեկ այլ տարբերակ կար՝ իր տարբերակը դա Մանվել Գրիգորյանի պես մարդկանցով բանակի ղեկավար կազմը, ղեկավարական կազմը լցնելն էր և պահելն էր», – հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահը:
Աղբյուրը՝ Azatutyun.am