Կանայք ու երեխաները, որոնք առավել շատ են ենթարկվում շահագործման, բռնության և անարգանքի տարբեր ձևերի, հատուկ պաշտպանության կարիք ունեն: Այս մասին Թաիլանդի ղեկավարության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։
«Կանայք ու երեխաները մեր ժամանակներում հատկապես խոցելի են, ենթարկվում են շահագործման բոլոր ձևերին՝ բռնության, դաժանության դրսւորումների, ստրկացման»,-ասել է քահանայապետը՝ շեշտելով, որ երախտապարտ է երկրի իշխանություններին այդ չարիքն արմատախիլ անելուն ուղղված ջանքերի համար:
Անդրադառնալով նաև միգրացիայի թեմային՝ Հռոմի պապը նշել է, որ զանգվածային միգրացիոն հոսքերի ֆենոմենը գլխավոր բարոյական խնդիրներից մեկն է:
«Չի կարելի անտեսել միգրացիոն ճգնաժամը: Յուրաքանչյուր երկիր պետք է ձգտում ունենա պաշտպանելու փախստականների և միգրանտների արժանապատվությունը: Չէ որ խոսքը ոչ միայն միգրանտների, այլ նաև մեր հասարակության նկարագրի մասին է»,-նշել է Ֆրանցիսկոս պապը:
Պապի ուղևորությունը Թաիլանդ նվիրված է ասիական այս երկրում առաքելական առաջին միսիայի 350-ամյա հոբելյանին: