Փոխզիջումներ չեն լինի, և 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն գործող օրենսդրության համապատասխան: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ հերթական անգամ վերահաստատելով, որ իշխանությունները չեն պատրաստվում կատարել ավելի քան մեկ շաբաթ առաջ նոր թափով վերսկսված բողոքի ակցիաների մասնակիցների պահանջը: Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։
«Թեման փակված է՝ իշխանությունները չեն գնա Սահմանադրական փոփոխությունների, դրա համար չունեն համապատասխան ռեսուրս»,-ասել է Կալաձեն:
Մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հակառակն էր խոստանում՝ հայտարարելով, որ 2020 թվականի ընտրությունները կանցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով: «Վրացական երազանք»-ը հավաստիացնում է, որ կողմ են փողոցի պահանջներին՝ 2020 թվականի ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելուն, անգամ օրենսդրական նախագիծ են ներկայացրել, սակայն իրենց գործընկեր պատգամավորների մի մասը տապալել է այդ նախաձեռնությունը:
Ի նշան բողոքի՝ իշխող մեծամասնությունը լքել է 12 պատգամավոր՝ հրաժարվելով նաև օրենսդիր մարմնում զբաղեցրած պաշտոններից: Ընդդիմությունը և քաղհասարակության ներկայացուցիչները, սակայն, չեն հավատում, որ իշխող թիմի անդամները սեփական կամքով են «ներկուսակցական ապստամբություն» բարձրացրել:
Ընդդիմախոսները պնդում են, որ մեծամասնական պատգամավորների միջոցով Իվանիշվիլին տապալեց ընտրությունների անցկացման՝ իր համար ոչ այնքան ձեռնտու տարբերակը, որին ստիպված էր համաձայնել ներքաղաքական ճգնաժամի պայմաններում: Ընտրական օրենսգրքի տապալումը բողոքի մեծ ալիք բարձրացրեց երկրում՝ ստիպելով անգամ տրամագծորեն տարբեր օրակարգ և սկզբունքային տարաձայնություններ ունեցող ընդդիմադիր ուժերի միավորվել և հանդես գալ միասնական պահանջներով:
Նոյեմբերի 14-ից ի վեր, երբ տապալվեցին օրենսդրական փոփոխությունները, Թբիլիսիում բողոքի ակցիաները չեն դադարում: Իշխանություններին ստի մեջ մեղադրող ընդդիմադիրները կառավարությունից պահանջում են հրաժարվել աթոռներից և արտահերթ ընտրություններ անցկացնել:
Ընդդիմության բողոքի գործողություններին իշխանությունները հերթական անգամ արձագանքեցին ոստիկանական մահակներով, արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով․ այս անգամ ուժայինները միջամտությունը արյունահեղության չհանգեցրեց:
Չնայած քաղաքով մեկ կենտրոնացված ոստիկանական ուժերին, ընդդիմությունը շարունակում է բողոքի գործողությունները: Այսօր ակտիվիստները վանդակ են տեղադրել քաղաքի կենտրոնում դրա մեջ տեղադրել Բիձինա Իվանիշվիլիի դիմակները, ինչպես նաև խաղալիք զեբր՝ երկաթյա լարով միացված վանդակաճաղերին: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ եթե Իվանիշվիլին չկատարի ժողովրդի կամքը, և 2020 թվականի ընտրությունները չանցկացվեն համամասնական ընտրակարգով, ապա կհայտնվի ճաղերի ետևում: