Բրյուսելում Մոհամեդ Է. անունով տղամարդ է ձերբակալվել՝ 2015 թվականի նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակում: Այդ մասին հայտնել է Libre Belgique թերթը:
Հաղորդվում է, որ տղամարդը կասկածվում է այն բանում, որ կապ ունի Կալաշնիկով ինքնաձիգների ձեռքբերման հետ, որոնք օգտագործվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական գրոհներ իրականացնելիս:
Մոհամեդ Է.-ին բերման են ենթարկել կաթոլիկական Սուրբ Ծնունդի նախօրեին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:
Տղամարդուն արդեն մեղադրանք է առաջադրված Փարիզում ահաբեկչական գրոհներին մասնակցելու կապակցությամբ:
2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան երեք խումբ ահաբեկիչներ մի շարք փոխհամաձայնեցված հարձակումներ են կատարել Փարիզում և նրա Սեն Դենի արվարձանում: Ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 130 մարդ, 350-ը՝ տուժել: