ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է:
Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ 2019թ. նոյեմբերի 26-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հարձակում է գործել նույն շենքի բնակիչ, 1953թ. ծնված Լևոն Չուլջյանի վրա և որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին. ստացած մարմնական վնասվածքներից 66-ամյա տղամարդը մահացել է:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 66-ամյա տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր Հրազդան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 2000 և 2001թթ.:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաներում, Հրազդան քաղաքի 19 և 18-ամյա բնակիչները, ուրիշի գույքը հափշտակելու և ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, նույն քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում հարձակվել են Լևոն Չուլջյանի վրա, նրանցից մեկը՝ 19-ամյա երիտասարդը, հետևից քարով փորձել է հարվածել Չուլջյանի գլխին, սակայն վրիպել է, որից հետո մյուսը՝ 18-ամյա երիտասարդը, դանակով հարվածել է 66-ամյա տղամարդուն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, իսկ 18-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: