Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի 70-ամյանին կապակցությամբ Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ին տեղի ունենալիք գագաթնաժողովին ընդառաջ հոդված է հրապարակել Euronews-ում:
Աքարի հոդվածի հիմնական թեման դաշինքի ու Թուրքիայի միմյանց նկատմամբ ունեցած պարտականությունների կատարումն է, մասնավորապես Սիրիայի հյուսիսում Անկարայի նախաձեռնակած ռազմական գործողությունների համատեքստում: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Թուրք նախարարը հոդվածի սկզբում նշել է, որ Թուրքիան միշտ պարտաճանաչ կերպով կատարել է դաշինքի հանդեպ ունեցած իր պարտականությունները և այսօր էլ շարունակում է կատարել:
«Թուրքիան, որը դաշինքի ամենահին անդամներից է, ՆԱՏՕ-ի 2-րդ ամենամեծ բանկան ունի և տարեկան իր ՀՆԱ-ի 1.9 տոկոսն է փոխանցում դաշինքին: Կորեական պատերազմից մինչև Բալկաններ ու Աֆղանստան, մեր զինվորները աշխարհի բոլոր ծայրերում մասնակցել են ՆԱՏՕ-ի գործողություններին ու զորավարժություններին»,- թվարկել է Աքարը՝ շեշտելով, որ Սիրիայի Իրաքի, Իրանի ու Ռուսաստանի հարևանությամբ գտնվող Թուրքիան «սառը պատերազմի» տարիներին տասնյակ տարիներով դիրքավորվել է դաշինքի ճակատում:
Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիան վերջին պատվարն է Եվրոպայի ու իր սահմանների մյուս կողմում գտնվող ահաբեկչական կազմակերպությունների միջև, և իրենք լավ են զգում աշխարհում առկա ռիսկերը: Աքարի կարծիքով ահաբեկչության դեմ պայքարում բոլոր անդամ երկրները իրենց ավելի ապահով են զգում կառույցի կազմում, և ՆԱՏՕ-ն ահաբեկչության դեմ պայքարում անկյունաքարային դեր ունի:
«ՆԱՏՕ-ի մեր գործընկերները չնայած, որ աշխարհի մի շարք տարածաշրջաններում վճռականորեն պայքարում են ահաբեկչության դեմ, սակայն մի տարածաշրջան կա, որտեղ իրենց պարտականությունների կատարումից հետ են մնում»,- ասել է Աքարը դաշինքի անդամներին մեղադրելով քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած ռազմագործողությունները չսատարելու մեջ:
Թուրք նախարարի խոսքով` Անկարան տարիներ շարունակ կոչ է անում իր դաշնակիցներին աջակցել Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող գործությունները:
Աքարը, շարադրելով Թուրքիայի թեզերը այն մասին, որ Սիրիայի քրդերի զինված ջոկատները (Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր-YPG) հանդիսանում են «ողջ աշխարհում ահաբեկչական համարվող» «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թևը, գրում է, որ բազմիցս ՆԱՏՕ-ի գործընկերներին առաջարկել են Սիրայի հյուսիսում (քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում-խմբ) անվտանգության գոտի հիմնել, և նույնիսկ ԱՄՆ-ի հետ որոշակի պայմանավորվածության հասել այդ հարցի շուրջ, սակայն այդ պարտավորությունները չեն կատարվել:
Այսպիսով Աքարը փորձել է ցույց տալ, որ Թուրքիան «ստիպված» է իրականացրել Սիրիա ներխուժումը, քանի որ իր դաշնակիցների մեծամասնությունը չեն ընդունել, որ ԺՊՈւ-ից Թուրքիային սպառնացող վտանգն ու չեն օգնել Անկարային այս հարցի լուծումը գտնելու համար: