Նոյեմբերի 11-ից 19-ը 12 հայ և թուրք երիտասարդներ Հայաստանում մասնակցել են «Նախադրյալների վրա հիմնված համայնքային և երիտասարդության զարգացում» թեմայով միջազգային դասընթացի 2-րդ փուլին: Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում անցկացված դասընթացի մասնակիցները ներկայացրել են 12 հասարակական կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի և Թուրքիայի տարբեր համայնքներում։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Ըստ դասընթացին մասնակցած թուրքական Çanakkale Koza երիտասարդական միության հայտարարության՝ դասընթացը կազմակերպված է եղել թուրքական նույնանուն միության և ABCD Innovation Center-ի ջանքերով:
Նշվում է, որ բացի կրթական բաղադրիչից մասնակիցները հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին։
Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում մասնակիցները մշակել են 6 նոր համատեղ ծրագրային առաջարկներ, որոնք ներկայացվելու են տարբեր դոնորների։