Արժանավոր մարդիկ պետք է ամեն մի օրը զգան մեր հարգանքը, սերը, վստահությունը, ջերմությունը, հոգատարությունը, որն ամենափոքրն է իրենց արածը գնահատելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և կից հրապարակել լուսանկար Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ։
«Այո՜ , Արցախում Սուրբ ծննդյան պատարագից հետո հանդիպեցի պարոն Arshavir Gharamyan-ին: Գիտե՞ք , քաղաքականության մեջ հաճախ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կորում է սթափությունը և մարդուն գնահատելու պարտադիր պայմանը: Մենք տարիներով սովորել ենք մարդկանց լավ գործերը , հերոսական քայլերը և հայրենիքին, պետությանը մատուցած ծառայություն համար գնահատել հետմահու: Ոչ , ես դեմ եմ այդ ձևին և այդ մոտեցմանը: Արժանավոր մարդիկ պետք է ամեն մի օրը զգան մեր հարգանքը, սերը, վստահությունը , ջերմությունը, հոգատարությունը, որն ամենափոքրն է իրենց արածը գնահատելու համար: Շնորհակալ եմ, Գեներալ ջան ջերմ ու դրական զրույցի համար, մեր ուժը կրկնապատկվում է, երբ ձեր տոկունությունը անպարտելի է լինում»,- գրել է նա:
Պատգամավորի այս գրառմանը արձագանքել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը և հայտարարել, որ պատգամավորը իր աջակցությունն է հայտնում հայտնում նախկին ռեժիմին մինչ օրս անդավաճան ծառայող Արշավիր Ղարամյանին:
«Իմ Քայլի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը իր աջակցությունն է հայտնում նախկին ռեժիմին մինչ օրս անդավաճան ծառայող «Արցախի ԱԽՔ» Արշավիր Ղարամյանին։
Վերջին օրերին Արշավիր Ղարամյանը աչքի էր ընկել մեր բարեկամ երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ծագած հակամարտությունը թեժացնելուն ուղղված հայտարարությունով, ըստ էության ԱՄՆի դեմ պատերազմելու կոչով և հայտնվել էր հանրության արդարացի քննադատության թիրախում։ Ինչպես միշտ Ազգային Անվտանգությունը և իրավապահ մարմինները որևէ կերպ չեն անդրադարձել այս աղաղակող հանցագործությանը։
Իմ Քայլի պատգամավորի նմանօրինակ հայտարարությունը այս օրերին ոչ այլ ինչ է, եթե ոչ աջակցություն Ղարամյանին և նրա քաղաքական հայտարարություններին»,- ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ օրերս Արշավիր Ղարամյանը Facebook-ի ի էջում գրել էր.
«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը և ահաբեկչության դեմ տարվող պայքարին:
Սուլեյմանին հավատարմորեն,անմնացորդ ծառայել է իր երկրի և ժողովրդի շահերին,հետևաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության,ժողովրդի, զինվորականության և հատկապես հետախաուզական ու հատուկ նշանակության ծառայությունների համար:
Ցավակցում եմ հարևան Իրանի ժողովրդին և գեներալի հարազատներին…»:
https://www.facebook.com/photo.php?fbid=2958095507554778&set=a.620008341363518&type=3&theater