Ընթացիկ տարվա հունվարի 8-ից ԱՀ հանրակրթական դպրոցներում մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպիադան. այն կտևի մինչև հունվարի 11-ը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը՝ նշելով, որ այն անց է կացվում 15 առարկաներից:
Նա տեղեկացրել է, որ օլիմպիադային կարող են մասնակցել 5-12-րդ դասարանների աշակերտները. եթե 8-րդ դասարանի աշակերտն ունի արտակարգ ընդունակություններ, ապա նրան թույլատրվում է օլիմպիադային մասնակցել 9-րդ դասարանի համար նախատեսած ծրագրին:
Ռ. Մուսայելյանի հավաստմամբ՝ օլիմպիադայի շրջանային (քաղաքային) փուլը տեղի կունենա հունվարի 14-24-ը, հանրապետական փուլը՝ հունվարի 25-ից փետրվարի 15-ը, իսկ եզարափակիչը կանցկացվի ՀՀ-ում:
«Պետք է ուրախությամբ արձանագրենք այն փաստը, որ տարեցտարի օլիմպիադայի մասնակիցների թիվն աճում է, և աշակերտները հնարավորություն են ունենում ստուգել իրենց սեփական գիտելիքները»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ավելացրել է Ռ. Մուսայելյանը: