Ամերիկացի սցենարիստ Ստիվեն Զաիլյանն ընդգրկված է այս տարվա «Օսկարի» հավակնորդների ցուցակում: Օրերս ԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է բոլոր անվանակարգերի թեկնածուների անունները: Զաիլյանն «Օսկարի» է հավակնում «Իռլանդացին» ֆիլմի համար:
Նույն մրցանակին է սպասում նաև մեծ աղմուկ հանած «Ջոկեր» ֆիլմը, որի սցենարի հեղինակը Թոդ Ֆիլիփսն ու Սկոթ Սիլվերն են: Արձանիկը կփորձեն ստանալ նաև Jojo Rabbit-ի սցենարիստ Թաիքա Վաիթիթին, Little Women-ի սցենարիստ Գրետա Գերվիգը, The Two Popes-ի սցենարիստ Էնթոնի Մքքարթենը:
Սա 5-րդ անգամն է, որ Զաիլյանը նոմինացվում է «Օսկարի»: Արձանիկին նա արժանացել է 1 անգամ՝ 1994 թ. «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար: Նույն աշխատանքի համար արժանացել է նաև «Ոսկե գլոբուսի», Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի, ԱՄՆ սցենարիստների գիլդիայի և Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակների:
Նշենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 9-ին: Կանցկացվի Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում: