ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Փորձաքննությունների եզրակացությունները չեն ստացվել: Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Քննության ընթացքում ձեռք բերված հրապարակման ենթակա տվյալների վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Աղբյուրը՝ Armenpress.am