«Տոկիո – 2020» օլիմպիական խաղերի մեկնարկին ընդամենը մեկ կիսամյակ է մնացել, ստույգ` 181 օր: Այո, հուլիսի 24 –ին է տրվելու ամառային 32 –րդ համաշխարհային գլխավոր մարզահանդեսի մեկնարկը: Իսկ ահա սակավաթիվ մասնակիցների անուններն են առայժմ հայտնի:
Առջևում վարկանիշային մրցաշարերն են ,որոնցից յուրաքանչյուրը մեծ կարևորություն ունի: Հաջողության ակնկալիքով տարբեր մարզաձևերի հավաքականները կազմերի շտկումներ, բուժզննումներ, տեխնիկատակտիկական ու հատուկ ֆիզպատրաստականություն բովանդակող մարզումներ են անցկացնում:
Լուրջ նպատակ է հետապնդում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը: Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը Աբովյան քաղաքում նշած բովանդակությամբ ուսումնամարզական հավաքի ուղեկցեց իր սաներին / հունվարի 24 – 30 /: Այնուհետև հավաքականը կմեկնի Իվանո – Ֆրանկովսկ քաղաք և Ուկրաինայի, Չեխիայի, Լեհաստանի ու Բելառուսի ընտրանիների հետ 12-օրյա համատեղ մարզումներ կանցկացնի: Նախատեսված են նաև ընկերական հանդիպումներ:
Բռնցքամարտիկների մի մասը, մասնավորապես երիտասարդները, մրցափորձ հարստացնելու նպատակով հանդես կգան փետրվարի կեսերին Կռիվոյ Ռոգ քաղաքում անցկացվելիք միջազգային մրցումներում:
Օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու համար հավաքականի տղաներին ընդամենը երկու հնարավորություն է ընձեռված. Անգլիայում և Ֆրանսիայում նշանակված վարկանիշային մրցաշարերը:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։