Առաջարկվում է ավելացնել ծնողական խնամքից զրկված և հոգեկան խանգարում ունեցող 14 տարեկանից ցածր 433 երեխայի խնամքի նպաստը: Այս մասին փետրվարի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց նախագծի համահեղինակ, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ շահառուների թիվն ի սկզբանե շատ ավելի մեծ էր, սակայն պրոֆիլային հանձնաժողովի շրջանակներում քննարկումների ընթացքում պարզվել է, որ պետությունը չի կարող այնպիսի նշանակալի ծախսեր իր վրա վերցնել, որոնք գերազանցում են մի քանի միլիարդ դրամը:
«Արդյունքում, մենք որոշեցինք բարձրացնել նպաստներն առավել խոցելի խմբերի համար»,-հավելեց Զեյնալյանը:
Նա նաև նշեց, որ ի սկզբանե նախատեսվում էր ավելացնել նպաստը երրորդ խմբի հաշմանդամություն կամ հոգեկան խանգարում ունեցող անձանց համար: Ընդհանուր առմամբ, խոսքը մոտ 30 հազար մարդու մասին է:
«Պետբյուջեից ծախսերը գրեթե 4 միլիարդ դրամ են կազմել»,-ընդգծեց իշխող դաշինքի պատգամավորը: