Մելբուրնում շարունակվում են Ավստրալիայի Բաց առաջնության առաջին շրջանի հանդիպումները:
Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, ով մրցաշարի 16-րդ ռակետն է, մեկնարկել է վստահ հաղթանակով: Առաջին շրջանում Ուիլյամսը 6:0, 6:2 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Տատյանա Մարիայի նկատմամբ:
Ընդամենը 50 րոպե տևած հանդիպման ընթացքում Ուիլյամսի ակտիվում գրանցվել է 2 էյս, 5 բրեյք-փոինթ՝ 8 հնարավորից:
Երկրորդ շրջանում Սերենա Ուիլյամսը մրցելու է կանադուհի Էժենի Բուշարի հետ, ով պայքարից դուրս է թողել Չինաստանի ներկայացուցիչ Պեն Շուային:
Grand Slam շարքի տարվա առաջին մրցաշարում հաղթանակով է մեկնարկել նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը, ով 4:6, 6:2, 6:2 հաշվով հաղթել է չինուհի Չժու Լինին: Հանդիպումը տևել է 1 ժամ 51 րոպե:
Երրորդ շրջանի ուղեգրի համար Մարգարիտան մրցելու է մրցաշարի 12-րդ ռակետ Էլիսե Մերտենսի հետ:
Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկոյին չի հաջողվել հաղթահարել առաջին շրջանի արգելքը: Ազարենկոն երեք սեթում 7:6 (7:5), 4:6, 2:6 հաշվով զիջել է գերմանուհի Լաուրա Զիգեմունդին: Երրորդ շրջանի ուղեգրի համար Զիգեմունդը պայքարելու է Սե Շուվեյի հետ:
Գրում է armsport.am-ը։