ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ, փետրվարի 21-ից 22-ը Վիեննայում մասնակցել է վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:
Փետրվարի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը, Մարիա Կարապետյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձել են կատարված աշխատանքներին:
Պատվիրակության ղեկավարի ներկայացմամբ՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին բացման խոսքում անդրադարձել է Հայաստան կատարած այցին, կարևորել երկրի ղեկավարների հետ ունեցած հանդիպումներն ու քննարկումները՝ Հայաստան և ԵԱՀԿ ԽՎ հետագա համագործակցության համատեքստում:
Պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է հանձնաժողովների բոլոր քննարկումներին, միջազգային գործընկերներին է ներկայացրել տեղեկատվություն Հայաստանում ընթացող բարեփոխումների, ժողովրդավարացմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Հայկ Կոնջորյանի խոսքով՝ ԵԱՀԿ ԽՎ գործընկերները հրապարակային ելույթներում, մասնավոր զրույցներում վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացներին:
Քննարկումներում, ի թիվս մի շարք հարցերի, խոսվել է նաև Ղարաբաղյան հակամարտության մասին: Հայկական պատվիրակությունն անդրադարձել է առաջիկայում Արցախի Հանրապետությունում սպասվող ընտրություններին և ժողովրդավարացման գործընթացիներին՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ Արցախում ժողովրդավարությունն անշրջելի է:
Մարիա Կարապետյանը նշել է, որ 2020 թվականի հունիսի 11-ին և 12-ին ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ կառույցների համագործակցությամբ Հայաստանում տեղի կունենա համաժողով: ՀՀ Ազգային ժողովը կհյուրընկալի տարբեր երկրների պատգամավորների՝ խորհրդարանական էթիկայի հարցերի քննարկման և համաշխարհային լավագույն փորձի փոխանակման նպատակով:
Համազասպ Դանիելյանը նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և ԵԽ ԽՎ-ն Ադրբեջանի Հանրապետությունում փետրվարին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում համատեղ դիտորդական առաքելություն են իրականացրել: Ընտրությունների գնահատականը բավականին խնդրահարույց է եղել: ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդական առաքլությունը ներկայացնող ուկրաինացի մի պաշտոնյա՝ իր հայտարարության տեքստում, Ադրբեջանում ընտրությունների որակի բացասական և խնդրահարույց լինելու հանգամանքը որոշ առումով պայմանավորել է Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությամբ: Հաազասպ Դանիելյանը, արտահերթ խոսքի իրավունքով, կոչ է արել պաշտոնյային շարունակել մնալ իր դիտորդական մանդատի շրջանակներում և չփորձել քաղաքական գնահատականներ տալ:
Փետրվարին լրացել է ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության գործունեության մեկ տարին: Ըստ Հայկ Կոնջորյանի՝ անցած մեկ տարին և՛ ճանաչողական էր և՛ մարտահրավերներով լի: Նա ընդգծել է, որ Հայաստանում ժողովրդավարացման գործընթացները հայկական պատվիրակության հաղթաթուղթն են միջազգային հանրության առջև:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։