fbpx
Քաղաքականություն

Նոր սահմանափակումներ Հայասատան մուտքի և ելքի վերաբերյալ․ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստան մուտքի և ելքի սահմանափակումների վերաբերյալ․

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխարգելող միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին:

Սահմանափակվում է այն օտարերկրացիների մուտքը Հայաստան, ովքեր ժամանում են կորոնավիրուսի էպիդեմիկ բարձր ռիսկային երկրներից /տարածքներից/ կամ այցելել են այդ երկրներ /տարածքներ/ Հայաստան ժամանելուց առնվազն 14 օր առաջ: Մարտի 22-ի դրությամբ այդպիսի երկրների ցանկում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիայի Միությունը, Եվրոպական միության անդամ պետությունները (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա), Շվեյցարիան, Նորվեգիան, Թուրքիան, Չինաստանը, Իրանը, Կորեայի Հանրապետությունը, Իսրայելը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերը նշված ցանկը ենթակա է փոփոխման:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցողանձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:

ՀՀ քաղաքացիները չեն կարողանա լքել Հայաստանի տարածքը ցամաքով, բացառությամբ բեռնափոխադրող մեքենաների վարորդները:

Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիները անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և կամ այլ սահմանափակող միջոցառումներ:

Կորոնավիրուսի համաճարակի բարձր ռիսկային գոտու երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվելու են պարտադիր ինքնամեկուսացման կամ հատուկ նախատեսված կարանտինային տարածքներում կարանտինային ռեժիմներ»:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ ԱԳՆ կայք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ