Իհարկե, չեմ կասկածում մեր բոլորի հետ մարդու իրավունքների ու ազատությունների համար պայքարած խորհրդարականների բարի ցանկությունների վրա, որով ուզում են կանխարգելել համաճարակները՝ փրկելու և ապահովելու ազգաբնակչության առողջությունը, սակայն նրանց չի սազում, որ էժանագին հարց են դնում՝ մարդկանց կյանքին դեմ եք, թե կողմ:
Արժե գիտակցել, որ նույն հարցի առաջ կարող են իրենք կանգնել, բայց հակառակ կերպով ձևակերպված, իսկ դա կարող է տեղի ունենալ ամեն օրենքի նախագծին քվեարկելու ժամանակ, որովհետև բոլոր օրենքների հետևանքներն անդրադառնում են մարդկանց վրա: Չարժի մանիպուլացնել, ինչքան էլ մեծ է ճշգրիտ ու արագ գործելու ցանկությունը:
Իսկ այն պնդումը, որ հապճեպ են մշակել նախագիծը և բերել են ԱԺ, անընդունլի է, որովհետև դուք ինքներդ գիտեք, որ մարդկանց առողջությունն ու կյանքը նույնքան կարևոր է, որքան նրանց ազատություններն ու իրավունքները: Չե՞նք մոռանում, չէ՞, որ մարդիկ, ընդ որում նաև դուք, այդ ազատությունների ու իրավունքների համար ձեր առողջությունն ու կյանքն եք վտանգել:
Այս նախագծի մերժվելով՝ համոզվեցի, որ խորհրդարանն իր գործունությունը կարող է իրականացնել, միայն թե իջնի ամպերից և շփվի բոլորիս հետ․ դա չանեն ոմանք, իսկ մնացածներն իրենց դնեն վերին արտի ցորենի տեղը: Իսկ ինչ վերաբերվում է Կառավարությունից բերված և ներկայացված նախագծին ու զեկուցողին, ցավալիորեն պետք է ասել, որ նա համարժեք չի իրականացնում այդ գերատեսչության իրեն վերապահված գործառույթները: Լավ կլիներ, որ նա լիներ փոխնախարար և ոչ թե վերջնական որոշում կայացնող: Չսիրեցի իր մեծամիտ կեցվածքը: Երևի Կառավարությունում դա չեն նկատում, երևի ԱԺ-ում էլ չեն նկատում, միգուցե ինքն էլ, բայց այս դեպքը հիշեցնում է այն տասնութ տարեկան ֆուտբոլիստի կեցվածքը, որը լավ տրանսֆերով միլիոնատեր է դարձել և հայտնվել է խոշոր ակումբում, սակայն առաջին իսկ խաղում տանուլ է տալիս կարևոր մանրուքներ հաշվի չառնելու պատճառով, և մրցաշրջանն անցկացնում է պահեստայինների նստարանին:
Այս իրավիճակը չլիներ՝ արժեր նրա հրաժարականի պահանջ ներկայացնել, բայց հուսանք, որ իրեն թափ կտա այս մերժումը, և ավելի կշռադատված ու հավասարակշիռ կգործի՝ արդարացնելով արդարադատությունն էլ, իր ընտրությունն էլ:
Նարեկ Այվազյան
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3877607318917800