Ապրիլի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ մի երիտասարդ կոտրել է հիվանդանոցի մուտքի դռան ապակին:
Հաղորդումը ստանալուն պես իրավապահները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ արարքը կատարել է Լոռու մարզի Լեռնապատ գյուղի 30-ամյա մի բնակիչ: Նա նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, մարմնական վնասվածք ստացած դստեր վիրահատության փաստից հուզված և վրդովված` ձեռքով խփել ու կոտրել էր հիվանդանոցի դռան ապակին:
Տղամարդը բաժին հրավիրվեց: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ 2020 թվականի ընթացքում բժշկական կենտրոնի դռների և պատուհանների ապակիները ոչնչացնելու 11 նման դեպք է գրանցվել, նույնիսկ այս օրերին, երբ գրեթե ողջ բուժանձնակազմը օր ու գիշեր պայքարում է մահաբեր վիրուսի դեմ:
Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը համարվում է սեփականության դեմ ուղղված հանցագործություն: Բայց մի՞թե հարկադրանքի միջոցներ են պետք գիտակցելու համար, որ չի կարելի կոտրել հիվանդանոցի դռներն ու պատուհանները: Ընդամենն անհրաժեշտ է խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին, սիրել սեփական երկիրը և հիշել, որ ագրեսիվ պահվածքը նպատակին հասնելու միջոց չէ: Հույզերը կառավարել է պետք: Իսկ եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծելու համար սթափ դատողություն, օրինահարգ վարք և զսպվածություն է պահանջվում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: