fbpx
Հայաստան

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչ Համլետ Կարայանը

Ապրիլի 26-ին 75 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրո‎ֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Համլետ Կարայանը։ Համլետ Կարայանի գիտական հետազոտությունները նվիրված են կիսահաղորդիչների և կիսահաղորդչային սարքերի ֆիզիկային, բազմարժեք էլեկտրոնիկային, բազմարժեք, քվանտային և նեյրոնային հաշվարկներին, կիսահաղորդչային արևաէներգետիկային և օպտոէլեկտրոնիկային, ինֆորմացիոն-հաշվողական տեխնոլոգիաներին:

Համլետ Կարայանը մշակել է էլեկտրոնախոռոչային պլազմայի ընդհանրացված տեսությունը։ Հայտնաբերել է պլազմադաշտային փոխազդեցության էֆեկտը և դրա հիման վրա առաջարկել կիսահաղորդչային բազմավիճակ ու բազմագործառույթ սարք՝ պոլիստոր։ Նա նախագծել է պոլիստորային բազմարժեք ինֆորմացիոն համակարգեր և համակարգիչներ։ Հաշվարկել է բազմաշերտ կառուցվածքներում ներքին ֆոտոէֆեկտի հիման վրա աշխատող արդյունավետ արևակայաններ։ Համլետ Կարայանը տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ ֆիզիկայի դասագրքի և ձեռնարկի:

Համլետ Կարայանը ծնվել է 1945թ.՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ 1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ‎ֆիզիկա» մասնագիտությամբ: 1970թ. սկսել է գիտահետազոտական աշխատանքներ Ռադիո‎ֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտում:

1976թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1986թ.՝ դոկտորական ատենախոսություններ։ 1988թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 2006թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Համլետ Կարայանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով: ՀՀ ԳԱԱ նախագահությունը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը սգում են Համլետ Կարայանի մահը և ցավակցում նրա հարազատներին: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ