Այսօր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) անակնկալ ստուգայցերն ուժեղացված ռեժիմով Երևանի Շենգավիթ վարչական շրջանում էին: Կրկնակի դիտարկվել են նաև նախորդիվ կասեցված տնտեսավարողները։
Որոշների մոտ կրկին խախտումներ են նկատվել։ Երբեմն աշխատակիցներն ԱԱՏՄ մասնագետների մուտք գործելուն պես շտկում են դիմակները, սակայն տեսուչներն արձանագրում են դրանք ու այլ խախտումներ։
Ստուգայցերն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա առանձին կետերով հերթով լրացվում է՝ որ նորմն է պահպանված, որը՝ ոչ։ ԱԱՏՄ մշտադիտարկումները փաստում են՝ դեռևս տնտեսավարողների մոտ կան թերացումներ ու խախտումներ՝ կապված գծանշումների բացակայության, չափազանց մոտ տեղակայված աշխատասեղանների, սոցիալական հեռավորություն պահպանելու, ախտահանման, ջերմաչափման հետ։
ԱԱՏՄ-ն ՀՀ պարետի սահմանած կանոնները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում այսօր իրականացրել է կասեցման աշխատանքներ: Կասեցման այսօրվա ցանկում են, մասնավորապես, «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն, «Սիթի» ՍՊԸ-ն, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ 24 ժամով արգելվել է նաև բժշկական լաբորատորիայի և մի շարք այլ գրասենյակների, սուպերմարկետների, խանութների գործունեությունը: Կասեցումներ իրականացվել են հանրապետության ողջ տարածքում:
ԱԱՏՄ-ն շեշտում է՝ կրկնակի և համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաև 48 և 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։
https://www.facebook.com/hlib.am/videos/1600479296796133/?__xts__[0]=68.ARB78SNn4KO33jnF4w3zY_q303Lffhs1CcJXN0ko-P-vL-mHD4a5dPdIokY4cqnQeNRXBzEbxjEU4JDpBUpG6YKyy6CYREWkBGhYefQUPplFgn1ZT7sYqoCJexEJuGVvcUSbyJJ8PooVqx8XHkMMF_ZSX3Z5Yg5K10r8dzws8oAkYEl7jng–9a6Eb5Gn8lOlNoOTQN1QW1PpPyC95vEE-sSER9ne9wsiocMp387hUXDw9eB_RsZl6JkgIWWGaPSi3BjSjrzlsEE3HAu89_UrbmdcJi8043HcnfyISq0cuJUgBKL0N5Gd4–SWBj42tgLLrLxUvQah57bv1twkDFjHKaefbMuDdy8cY&__tn__=-R