fbpx
Իրավական

Մեղադրանք է առաջադրվել Ճամբարակ համայնքի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ճամբարակ համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, աշխատանքային գործունեության ընթացքում դիտավորությամբ չի ձեռնարկել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ ՝ իր կողմից 2008թ. Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 12/10 հասցեում կառուցված ինքնակամ շինությունը քանդելու ուղղությամբ։

Ավելին, 2019թ. նոյեմբերին՝ ամենամյա արձակուրդի մեկնելուց առաջ, համայնքի ղեկավարը դիմում է ներկայացրել Ճամբարակի համայնքապետարան՝ խնդրելով իր կողմից կառուցված ինքնակամ շինությունը ճանաչել օրինական: Ճամբարակ համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 12-ի որոշմամբ՝ Տիգրան Մեծի 12/10 հասցեում կառուցված շինությունը ճանաչվել է համայնքային սեփականություն և օրինական, ինչպես նաև ավագանու՝ 12․12․2019թ․ որոշմամբ՝ վերոնշյալ շինությունը ուղղակի վաճառքով տրամադրվել է համայնքի ղեկավարին: Այնուհետև վերջինիս պարտականությունները կատարող անձի՝ 13․12․2019թ․ որոշմամբ՝ ինքնակամ կառույցը որոշվել է վաճառել համայնքի ղեկավարին։

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ճամբարակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ