ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության մեկնարկի առթիվ Մոսկվայում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակեց մի քանի առաջնահերթ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։ Դրանց թվում առաջինը նավթի, նավթամթերքի, գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկաների ձևավորումն է։ Ապա կարևորագույն մյուս խնդիրներից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան է, որը թույլ կտա ավելացնել ներքին ու արտաքին առևտրի ծավալները։
«Կարևոր ուղղություն է անդամ պետությունների ՏՏ համայքների կոնսոլիդացիան՝ տնտեսության բարձրտեխնոլոգիական սեկտորների զարգացման ու Միության թվային օրակարգի լիարժեք իրացման նպատակով։ Թվային օրակարգը պետք է դառնա Միության կատարելագործման ու նրա արդյունավետության ու գրավչության բարձրացման, մաքսային ու առևտրային խոչընդոտների վերացման հիմնական գործիքներից մեկը»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս ոլորտի առաջխաղացման համար անհրաժեշտ է հասնել նրան, որ ՏՏ համայնքների կոնսոլիդացիան օգուտ տա անդամ պետություններին ու դրանց քաղաքացիներին։ Այդպիսի արդյունքներ կարող են լինել մասնավորապես աշխատանքի ընդհանուր բորսայի և այլ նմանատիպ համակարգերի ներդրումը։