ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հարցը կառավարության մայիսի 10-ի նիստում քննարկման էր ներկայացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագիրը առաջին անգամ ուղարկվել է ԵԱՏՄ անդամ երկրներին, ԵՏՀ խորհրդի 2017թ. մայիսի 17-ին, այնուհետև կրկնակի լրամշակումից հետո 2018թ. ապրիլի 17-ին ևս մեկ անգամ ուղարկվել է ներպետական համաձայնեցման: Համաձայնագրով ձեռք է բերվում այն ապրանքների հետագծելիության վերաբերյալ փոխադարձ պայմանավորվածություններ, որը ենթադրում է նաև ԵԱՏՄ անդամ երկրների կողմից ներազգային այդպիսի համակարգեր ձևավորելուն, որոնց ցանկը դեռևս սահմանված չէ, և ըստ համաձայնագրի, սահմանվելու է հանձնաժողովի կողմից: Այս հետագծելիության գործառույթը իրականացվելու է փուլային եղանակով»,- ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ ՀՀ-ի համար համաձայնագրի ընդունումը իր հետ որոշակի ֆինանսական միջոցներ ծախսելու պարտավորություն կբերի:
«Մենք ստիպված կլինենք ստեղծել մեր ներպետական էլեկտրոնային համակարգերը հետագծելիության ապահովման, և երկրների միջև տեղեկատվությունների փոխանակումը սահմանված է, որ կլինի ԵՏՀ կողմից սահմանված կարգով»,- նշեց Դավիթ Անանյանը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խոսքով` համաձայնագրով սկիզբ է դրվում հետագծելիության գործընթացի կազմակերպմանը:

