«Վիքիպեդիա» ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանում մոտ 2 շաբաթից կստեղծվի արևմտահայերեն առանձին տիրույթ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը:
«Վիքիպեդիայի» հայկական տիրույթում արևմտահայերենով նյութեր գրվել են դեռ 2014 թվականից: Ցավոք, արևմտահայերենը ISO կոդ չուներ, և այն որպես առանձին լեզու հաստատելու համար բավականին ժամանակ ծախսվեց: «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում ISO կոդ ունեցանք»,- նշեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ Լեզվի կոմիտեի որոշում կա, որ «Վիքիպեդիայում» արևմտահայերենը արևելահայերենից պետք է առանձնացվի:
«Մնացել են տեխնիկական հարցեր: Կարծում եմ, մոտ երկու շաբաթվա ընթացքում կլուծվեն այդ հարցերը»,- շեշտեց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահը:
«Վիքիպեդիայով» արևմտահայերենով գրվել է ավելի քան 7000 հոդված: