Միշտ պնդել եմ, որ քանի դեռ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի եղել, և չեն եկել այլ ուժեր, որոնք կարողանան քաղաքական կամք դրսևորել Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի արհավիրքները բացահայտելու, այդ իրադարձությունները չեն բացահայտվելու, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հիմա քրեական գործեր կան հարուցված, քննվում են, մենք էլ հետևում ենք։ Հույս ունեմ, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտվելու է, հույս ունեմ դատարանում կտեսնենք և կազմակերպիչներին, և սպանողներին, և հասարակությունը կգնա դեպի հաշտեցում», – նշեց նա։
Պատգամավորը միաժամանակ նկատեց, որ մինչ այժմ շատ քիչ բան է հայտնի, դրա համար էլ պետք է սպասել գործի քննության ավարտին։
«Մենք գործի մասին տեղեկություններ չունենք, այն գաղտնի է քննվում։ Երբ սկսվեն դռնբաց նիստերը, այն ժամանակ կտեսնենք՝ մեզ բավարարում է, թե ոչ», – նշեց Մարուքյանը։