ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդես է եկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ:
«Այս նախաձեռնությամբ առաջարկում ենք, որ զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո:
Եթե եզրակացությամբ հաստատվում է, որ անձի առողջական վիճակը վատթարացել է զինվորական ծառայության ընթացքում և պատճառով, ապա պետությունը պարտավորվում է ապահովել անձի առողջության առաջնահերթ և անվճար վերականգնումը։
Այս նախաձեռնությամբ լուծվում են մի քանի կարևոր խնդիրներ՝
– անձի ազատում ոչ իր մեղքով, զինվորական ծառայության ընթացքում և պատճառով իր առողջության վատթարացման հետևանքների վերացմանն ուղղված ֆինանսական ծախսերից,
– զինվորական ծառայության ընթացքում և պատճառով առաջացած առողջության վատթարացման պատճառահետևանքային կապի որոշակիացում,
– զինվորական ծառայության անցնելիս պարտադիր բժշկական հետազոտության և դրա եզրակացության որակի բարձրացում,
– վեճերի լուծման վարչական և դատական ռեսուրսների խնայում,
– զինված ուժերի և պետության նկատմամբ հասարակության վստահության բարձրացում։
Հուսով եմ՝ քաղաքական մեծամասնությունն այս խնդրի լուծման հարցում համակարծիք կլինի մեզ հետ»,- գրել է նա:
Նախագծի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:
Աղբյուր՝ https://www.shantnews.am