Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ծանր, բայց հերոսական փորձություն է, ոգու փորձություն մեր Հայրենիքի ու ժողովրդի համար, բոլորիս համար՝ մեծ ու փոքրի, տղամարդու և կնոջ, Հայաստանի և Արցախի քաղաքացու, թե սփյուռքահայի համար: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության ուղերձում:
Ուղերձում նաեւ ասվում է.
«Արցախի սահմանի ողջ երկարությամբ ու Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում ահեղ մարտեր են:
Ազգը բանակ դարձած ոտքի է կանգնել պաշտպանելու մեր հայրերի ու պապերի արյան գնով պահած հող հայրենին, հայրենի հողի վրա ազատ, անկախ, արժանապատիվ ապրելու և արարելու իրավունքը:
Հայրենական պատերազմ է, ու ռազմաճակատ են մեկնում բոլորը․․․
Երբ վտանգ է սպառնում երկրի սահմաններին՝ ոստիկանը զինվոր է:
Այդպես էր Արցախյան ազատամարտին, Ապրիլյան պատերազմին, այդպես է նաև այսօր։
Հայրենիքը բոլո՜ր որդիներին կանչում է պաշտպանության:
Արցախում, Հայաստանում, ռազմաճակատի բոլոր տեղամասերում միասին ու միասնական են հաղթանակած մեր բանակի քաջարի զինվորները, լեգենդար սպաներն ու հրամանատարները, ոստիկանները, բժիշկները, կամավորականները:
Բոլորը՝ մեկ ու ազգ-բանակ դարձած:
Եվ հաղթելու ենք, որովհետև «իրականում թշնամին նույն թշնամին է, որ մեր առաջ փախչում էր և մենք էլ նույն մենք ենք․․․», նույնն է, որ ջախջախվեց 90-ականներին, ջախջախվեց 2016-ին և այս անգամ էլ ջախջախվելու է:
Հաղթել ենք, հաղթում ենք, հաղթելու ենք՝ մի՛շտ։