ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:
Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացման ֆոնին զոհվել է առնվազն 53 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ: Բացի այդ, փլուզվել են բազմաթիվ շինություններ, այդ թվում՝ տներ, դպրոցներ, քաղաքացիական այլ օբյեկտներ:
«Խոր անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ վերջին օրերին ականատես ենք լինում՝ ինչպես են բնակավայրերը դառնում թիրախ և հրետակոծվում ծանր զինատեսակներից»,-նշել է հանձնակատարը:
Նա նշել է, որ անհանգստություն է առաջացնում նաև այն, որ հակամարտության գոտում կասետային ռազմամթերք է կիրառվել:
«Կասետային ռազմամթերքը լայն շառավիղով տարածքներում գցում են ոչ մեծ ռումբերը: Դրանցից շատերը կարող են սպանել և վնասվածքներ հասցնել տարիների ընթացքում: Նման ռազմամթերքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի»,-ասել է Բաչալետը:
Այս մասին տեղեկանում ենք ohchr.org կայքից: