fbpx
Քաղաքականություն

Հայաստանի 13 կուսակցություններ հայտարարություն են ընդունել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի առնչությամբ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտի 13 կուսակցություններ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկչական ցանցի ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի արդյունքում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարությունը լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի 20-րդ օրն է, համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը մեկտեղել են իրենց կարողությունները` դիմագրավելու մեր երկու պետությունների դեմ ուղղված գոյապահպանական սպառնալիքին: Ադրբեջանա-թուրքական ագրեսիան միջազգային ահաբեկչական տարբեր խմբավորումների ներգրավմամբ վերածվել է գլոբալ անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի: Հայության համար հայրենականի վերածված պատերազմը նոր ծավալներ է ստանում` հանգեցնելով մեծաթիվ, անդառնալի կորուստների:

Պատերազմ սանձազերծած ագրեսորները` Ադրբեջանն ու Թուրքիան անհաղորդ են միջազգային հանրության անհապաղ հրադադար հաստատելու և ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին: Ավելին` առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հաստատման համաձայնությունը: Օրհասական այս իրավիճակում ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է: Ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում»,- ասաց Սաղաթելյանը:

13 քաղաքական կուսակցությունները դիմել ՀՀ կառավարությանը հրատապ կարգով ստեղծելու «Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ» պետական հատուկ մարմին` օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով, ինչպես նաև հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց:

Լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք պատրաստ են հիշյալ օրակարգով հանդիպել ՀՀ վարչապետի հետ` դետալները քննարկելու համար: Հայտարարությունը ստորագրել են հետևյալ քաղաքական ուժերը.

1.Ազատություն կուսակցություն
2.Ազգային օրակարգ կուսակցություն
3.Ազգային ժողովրդավարական միություն կուսակցություն
4.Ազգային ինքնորոշում միավորում կուսակցություն
5.Երկիր Ծիրանի կուսակցություն
6.Ժառանգություն կուսակցություն
7.Համերաշխություն կուսակցություն
8.Հայ Յեղափոխական Դաշնակցություն
9.Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
10.Հայաստանի Հանրապետական կուսակցություն
11.Հայրենիք կուսակցություն
12.Հանուն սոցիալական արդարության կուսակցություն
13.Մեկ Հայաստան կուսակցություն

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ