ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է «Գյումրու երիտասարդական քաղաքականության փաստարկում» ծրագիրը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։
Ծրագրի երկարաժամկետ նպատակն է կարիքների վրա հիմնված տեղական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելու միջոցով նպաստել Գյումրու երիտասարդների կյանքի որակի բարելավմանը:
Ծրագրի շրջանակում հետազոտողի կողմից իրականացվել են երիտասարդությանն առնչվող քաղաքականությունների և փաստաթղթերի ուսումնասիրություն, առցանց հետազոտություն ոլորտային տարբեր դերակատարների ու ակտիվ ներկայացուցիչների հետ անհատական և խմբային հարցազրույցների միջոցով:
Դրանց արդյունքում վերլուծվել է Գյումրու երիտասարդության առկա իրավիճակը. բացահայտվել են երիտասարդների խնդիրները և կարիքները, փաստարկված վեր են հանվել քաղաքի երիտասարդական քաղաքականության ներկա առաջնահերթությունները, մշակվել են հիմնախնդիրների լուծման առաջարկություններ, որոնք պետք է նպաստեն երիտասարդությանն առնչվող հանրային քաղաքականությունների բարելավմանը։
Ծրագիրը կյանքի է կոչվել երիտասարդական տեղական (համայնքային) քաղաքականության և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող երիտասարդական աշխատանքի ոլորտում առկա, կենսական նշանակություն ունեցող հավաստի և արդիական տեղեկատվության բացը լրացնելու համար։ Ծրագրի ավարտին պատրաստվելու է հետազոտական զեկույց, որը հրապարակվելու է տպագիր և առցանց եղանակով։ Հետազոտական զեկույցն առնվազն առաջիկա տարիներին ապահովելու է փաստական տվյալներ և նպաստելու է դրանց շարունակական կիրարկմանը բոլոր շահագրգիռ կողմերի ու դերակատարների կողմից։
Ծրագիրն իրականացվել է Գյումրու համայնքապետարանի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» հետ համագործակցությամբ։