fbpx
Տեսանյութեր

ՊԵԿ-ում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հունիսի 16-ին Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Միավորված ազգերի կազմակերպության, պետական եկամուտների կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության միջև:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ փոխըմբռնման հուշագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է 2004թ. Համաշխարհային մաքսային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համատեղ ջանքերով մեկնարկած Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին. «Փոխըմբռնման հուշագրով իրավապահ մարմինների համագործակցության նոր մակարդակի հիմք է դրվում: Ծրագրին միացած պետության ներկայացուցիչների միջոցով կփոխանակվեն օպերատիվ այն տեղեկությունները, որոնք կբարձրացնեն վերահսկողության մակարդակը թմրամիջոցների շրջանառության և հանցագործության դեմ պայքարի գործում»:

ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միթալը բարձր է գնահատել ՀՀ կառավարության քայլերը, նշելով, որ հուշագրի ստորագրմամբ Հայաստանը դառնում է ծրագրի մաս կազմող՝ 70 անդամ գործընկերների ընտանիքի մի մասը: Այն հնարավորություն կտա ընդլայնելու հուշագիրը ստորագրած իրավապահ մարմինների գործիքակազմը՝ բեռնարկղերի վերահսկողության իրականացման համատեքստում:

Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի երեք իրավապահ մարմինների ներկայացուցիչներից ստեղծել հուշագրով նախատեսված համատեղ վերահսկման ստորաբաժանում՝ ծրագրի իրականացման գործընթացներն ապահովելու նպատակով: Ծրագիրը նախատեսում է նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության և ՄԱԿ-ի կողմից համատեղ մշակված ContainerCOMM հավելվածի ներդրում: Դա տեղեկատվության փոխանակման օպերատիվ-տեղեկատվական հարթակ է, որի շրջանակում լիազորված մուտք ունեցողները ստանում և ուղարկում են ռիսկի բարձր ցուցանիշներ ունեցող բեռնարկղերի վերաբերյալ տեղեկատվություն։ Ծրագրի հատկանշական կողմն այն է, որ համատեղում է ծրագրին միացած պետության իրավապահ մարմինների կարողություններն ու գործողությունները և իրականացվում իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված համատեղ թիմի միջոցով: Արդյունքում կուժեղանա բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը, կբարելավվի տեղեկությունների համակարգումը և վերլուծության ընթացակարգը՝ գործողությունների կրկնություններից, ավելորդ վարչարարության կիրառումից խուսափելու համար: Բեռնափոխադրման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան:

Հուշագրի ստորագրումը կարևորել են նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը և ոստիկանության պետի տեղակալը՝ որպես իրավապահ մարմինների գործակցության ամրապնդման վառ օրինակ:

Ծրագրի շրջանակում իրականացվել են նաև տեսական և գործնական վերապատրաստումներ՝ ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ