Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դուր չի գալիս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը, ապա թող հաջորդ` 2023 թվականի ընտրություններին այլ թեկնածու առաջադրեն։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Երևանի քաղաքապետից դժգոհ լինելը, կամ, առավելևս, քաղաքապետի կողմից ՔՊ-ին չաջակցելուց դժգոհ լինելը հիմք չէ Երևանում արտահերթ ընտրություններ անելու համար», – գրել է Իոաննիսյանը։
Նա նշել է, որ եթե քաղաքապետը վատ/սխալ բաներ է անում, թերանում է իր աշխատանքում, ապա թող ավագանին իրեն քննադատի, երևանյան հանրությունն էլ տեսնի դա։ «Հանրային քաղաքականության թափանցիկությունը ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է»։
«Ի վերջո, եթե ընտրված պաշտոնյան վատ է աշխատում` խնդիր չկա, հաջորդ ընտրություններին ընտրողները գնահատական կտան այդ պաշտոնյային ու իրեն առաջադրած ուժին։ Այդպես է աշխատում ժողովրդավարությունը», – գրել է նա։