Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ այսօր վաղ առավոտյան այցելել է Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ներկա է գտնվել շարային ստուգատեսին, հետո դիմել է ներկաներին խոսքով, որին կարող եք ծանոթանալ՝ դիտելով տեսանյութը։
«Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կառավարությանը տվել է իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու մանդատ ու ՀՀ քաղաքացիները Պարեկային ոստիկանության ծառայության արդյունքում պետք է իրավակարգի, կարգուկանոնի նոր որակ տեսնեն մայրաքաղաք Երևանի փողոցներում», – Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը:
Դրանից հետո արդեն Փաշինյանը Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել է Պարեկային ծառայության նոր ավտոմեքենաների հագեցվածությանը, որոնք համալրված են տեխնիկական ու հատուկ ժամանակակից միջոցներով:
Վարչապետի պաշտոնակատարը ծաղիկներ է խոնարհել նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Ոստիկանության ծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։