fbpx
Իրավական

Բագրավան համայնքի ղեկավարը վավերացրել է աշխատավարձի վճարման կեղծ տեղեկագրեր. ՔԿ

Օգոստոսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում պարզվել են Բագրավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները:

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Բագրավան համայնքի ղեկավարը, 2002-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով շահադիտական նպատակով, համայնքի երկու բնակչուհիների օժանդակությամբ, համայնքի մշակույթի տան շենքը փլուզված լինելու և չգործելու պայմաններում, նրանցից մեկին հրամանագրել է որպես գրադարանավար, իսկ մյուսին՝ որպես ակումբավար: Վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և համայնքապետարանի կնիքով վավերացրել է աշխատավարձի վճարման կեղծ տեղեկագրեր, և նշված փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով ներկայացրել է վճարման՝ արդյունքում համայնքի բյուջեից վատնման եղանակով հափշտակել է նրանց անվամբ որպես աշխատավարձի գումար հատկացված առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 3.248.526 ՀՀ դրամ գումարը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բագրավան համայնքի ղեկավարին և բնակչուհիներից մեկին մեղադրանք է առաջադրվել:

Մյուս բնակչուհու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ