fbpx
Սպորտ

Ըմբիշների ցանկը. Ո՞վ է ուժեղագույններին մրցաշարից դուրս թողելու պատասխանատուն

World Military Wrestling Championship

Այսօր Երևանում մեկնարկում է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը։

Մասնակիցների ցանկը

Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացնում են.
Տիգրան Մինասյան (55 կգ)
Սուրեն Աղաջանյան (60 կգ)
Հրաչյա Պողոսյան (63 կգ)
Գասպար Տերտերյան (67 կգ)
Շանթ Խաչատրյան (72 կգ)
Աշոտ Խաչատրյան (77 կգ)
Սամվել Գրիգորյան (82 կգ)
Կարեն Խաչատրյան (87 կգ)
Դավիթ Օվասափյան (130 կգ)

Ազատ ոճում.
Արման Հարությունյան (57 կգ)
Սարգիս Բեգոյան (61 կգ)
Անդրանիկ Ավետիսյան (65 կգ)
Արտավազդ Հարությունյան (70 կգ)
Հրայր Ալիխանյան (74 կգ)
Արման Ավագյան (79 կգ)
Մուշեղ Մկրտչյան (92 կգ)
Հենրիկ Հայկյան (120 կգ)

Այս կարևոր իրադարձությունը, որը պետք է դառնա Հայաստանի համար հերթական հաղթանակի հարթակը, ստվերվել է մի խումբ առաջատար ըմբիշների՝ Մալխաս Ամոյանի, Վազգեն Թևանյանի և Արսեն Հարությունյանի հավաքականից դուրս մնալու պատճառով։

Factor TV-ի հետ զրույցում Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը կիսվել է իր հիասթափությամբ՝ նշելով, որ իրենց թիմը պատրաստվում էր ամենայն լրջությամբ։ Իրենք խստորեն հետևել ենք մարզումային գործընթացին, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածությունը՝ երկրի պատիվը բարձր պահելու համար։ Բայց օրեր առաջ տեղեկացել են, որ ուժեղագույն ըմբիշներին դուրս են թողել թիմից՝ առանց որևէ հիմնավոր բացատրության։

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այս որոշումը կայացվել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության հիման վրա, համաձայն որի՝ առաջնությանը կարող են մասնակցել միայն զինծառայողները։ ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանի խոսքով, կազմի ընտրությունը կատարվել է միջազգային պահանջներին համապատասխան։ «Հավաքականի կազմի ընտրությունը կատարել ենք՝ առաջնորդվելով կանոնադրության բոլոր կետերով։ Թիմում ընդգրկված են միայն ժամկետային զինծառայողներ, ինչը բացառել է հնարավոր շահարկումները։ Ես ակնկալում եմ բոլորի աջակցությունը զինվորներին, որպեսզի նրանք կարողանան առավելագույնն անել»,- նշել է Դավթյանը։

Միջազգային մակարդակում թիմերի կազմի ընտրությունը սովորաբար իրականացվում է մարզական ֆեդերացիաների և ռազմական մարմինների համատեղ քննարկումների միջոցով։ Օրինակ, Միացյալ Նահանգներում թիմի ընտրության ժամանակ հաշվի են առնում թե՛ զինվորական կարգավիճակը, թե՛ մարզական նվաճումները։ Ռուսաստանում նույնպես ձևավորվում են հանձնաժողովներ, որոնք որոշում են կազմը՝ բացառելով կողմնակալ մոտեցումները։

Հայաստանում, սակայն, այս գործընթացը պատկանում է բացառապես Պաշտպանության նախարարությանը՝ առանց Ըմբշամարտի ֆեդերացիայի ներգրավվածության։ Այս մոտեցումը շատերի կողմից դիտարկվում է որպես ոչ թափանցիկ մեխանիզմ, որը բացառում է մարզիկների արդարացի ընտրությունը։

Այս իրավիճակը պետք է դառնա դաս, որպեսզի ապագայում Հայաստանը կարողանա ավելի թափանցիկ և արդյունավետ կազմակերպել իր թիմերի ընտրությունը՝ ներգրավելով մարզական ֆեդերացիաներին և հստակեցնելով չափորոշիչները։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի խուսափել ապագա վեճերից և ապահովել ուժեղագույն թիմի ներկայությունը միջազգային մրցաշարերում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ