ՔՏՀԱ տեսուչները դիտարկել են Ավանի, Նոր Նորքի և Արարատի մարզի հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով նոյեմբերի 10-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների և Արարատի մարզի հանրային տրանսպորտը։

«Մասնավորապես, Երևանում ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 45 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է գերբեռնված երթևեկության 2 դեպք․ 4 խախտում վերաբերել է տաքսամոտորային փոխադրման ժամանակ վարորդի և ուղևորի կողմից դիմակ չկրելուն։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Արարատի մարզում, մասնավորապես՝ Արտաշատի երթակարգավարական կետում կատարվել է 21 դիտարկում։ Դիտարկումների արդյունքում առանց դիմակի 3 ուղևոր իջեցվել է տրանսպորտային միջոցներից, նրանց նկատմամբ ևս կազմվել են արձանագրություններ։

Հայտնաբերված մեկ այլ խախտման դեպքում տրանսպորտային միջոցներից մեկում ախտահանիչ հեղուկը եղել է ոչ պատշաճ տեղում։ Խախտումը տեղում վերացվել է, մնացած բոլոր փոխադրամիջոցներում հակահամաճարակային նորմերի և կանոնների խախտումներ չեն հայտնաբերվել։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին»,- ասվում է հաղորդագրություն մեջ։

Ամենաթարմ