ՁԱՅՆ ԼՊԿ Կառավարման խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը դադարեցվեց 2020թ նոյեմբերի 10-ի Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ։
Վերջինս նախատեսում էր տարածաշրջանում խաղաղության հաստատման քայլեր։
Ադրբեջանը սակայն ոչ միայն հետևողական չի եղել հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների առնչությամբ, այլ բացահայտ կերպով շարունակել է ռազմատենչ հակահայկական հռետորաբանությունը՝ պարբերաբար անցնելով կոնկրետ գործողությունների։
2021 թվականի նոյեմբերի 11-ից Ադրբեջանը սկսել է հերթական անօրինական գործողությունները՝ ներթափանցելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և գրավելով ՀՀ սահմանային տարածքի առանձին հատվածներ։
Այսօր արդեն ադրբեջանական զինված ուժերը առաջացել են ՀՀ հարավային սահմանով՝ փաստացի հարձակում գործելով ՀՀ սուվերեն տարածքի ու ժողովրդի նկատմամբ։
- Շրջում եմ Սիսիանի տարածաշրջանի արևելյան հատվածներով․ մարտերը շարունակվում է․ Իոաննիսյան
- ՀՀ ԱԽ քարտուղարն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է սահմանին ստեղծված իրավիճակը
Ստեղծված պայմաններում, արձանագրելով Հայաստանի Հանրապետության դաշնակից Ռուսաստանի Դաշնության հերթական անգամ դրսևորած պասիվությունը ընթացող գործընթացներին և Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության գործընկերների անգործությունը՝ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, ի դեմս ՀՀ Կառավարության և ՀՀ Արտաքին Գործերի նախարարության գործարկել պետության տարածքային ամբողջականության պահպանման, խաղաղության հաստատման ու քաղաքացիների իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները։
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Վարչապետին և Արտաքին Գործերի նախարարությանը հորդորում ենք ժամ առաջ ծանուցում ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման, սահմանների միակողմանի փոփոխության ու ազգաբնակչության կյանքի իրավունքի ու անվտանգության ապահովման հարցերը։
Միաժամանակ, ՀՀ իշխանությունները իրենց տրված իրավասությունների շրջանակում և որպես պետության ու քաղաքացիների առջև ստանձնած պարտավորություն՝ պետք է դիմեն Մարդու Իրավունքների Պաշտպանության տարածաշրջանային և ունիվերսալ բոլոր մարմիններին, միջազգային կազմակերություններին, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ու դիվանանգիտական ներկայացուցչություններին ՝ բարձրացնելով ադրբեջանական ագրեսիան ու դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած կենսական խնդիրները։
ՁԱՅՆ ԼՊԿ ն կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը չվախենալ ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահին, չկրկնել անցյալի ճակատագրական սխալներն ու սատարում է ՀՀ կառավարությանը նրա այն որոշումներում, որոնք ծառայելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը»։