Գուրգեն Արսենյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
««Հրապարակի» լրագրողի հետ նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի կապակցությամբ վերհիշեցի անցյալ տարվա դեկտեմբերի վերջին AD TV-ին տված հարցազրույցում ասածս:
Առավել ևս նույն կարծիքին եմ հիմա․․․
«Մենք ապրում ենք հասարակության մեջ, սոցիալական էակներ ենք, մարդիկ միմյանց կարիքն ունեն ոչ միայն վերարտադրվելու համար: Տեղեկատվական հոսքը, տեղեկատվական նյութի առկայությունը կարևոր է մարդկանց համար, դա մեծացնում է մեր ճանաչողության սահմանները, հնարավորություն է ընձեռում որոշումներ կայացնել՝ օպերատիվ, տակտիկական կամ ստրատեգիական: Հնարավորություն է ընձեռում փոխադարձ օգնության հասնել, փոխադարձ համագործակցության ռեժիմներ ձևավորել: Տեղեկատվական հոսքերը կարող են լինել չեզոք, դրական կամ տոքսիկ՝ թունավոր: Թունավոր ինֆորմացիոն հոսքերը հասարակության անդամներին հանում են իրար դեմ, սրում հասարակական պրոբլեմները, փոքր պրոբլեմը դարձնում մեծ պրոբլեմ: Հասարակական անհամաձայնության դրսևորումները, որ կարելի է շատ արագ, արդյունավետ գործիքներով հարթել, դրաձնում են անլուծելի, անհամատեղելի: Տոքսիկ հոսքերի առկայության մեջ լրջագույն դերակատարում ունեն հոսքերի կառավարիչները՝ լրագրողները, մարդիկ, ովքեր մասնակցում են այդ գետի մեջ նավարկությանը: Նրանք են որոշում՝ որ կողմ նավարկել, որ կողմ տանել հոսքերը: Լրագրողները տոքսիկ հոսքերի ազդեցությունը մեղմելու պատասխանատվություն ունեն նաև, որպեսզի սոցիալական խմբերն իրար դեմ չելնեն, որպեսզի մարդիկ իրար կոկորդ չկրծեն: Դա է նորմալ հասարակության պահանջը: Կա լրագրողական մի շերտ, որը հակառակն է անում, սրում է ամեն ինչ, բերում հակասության, առճակատման, թունավորման: Մարդկանց վերաբերմունքն իրենց երկրի, իրենց իշխանությունների, հարևանների, պետական ինստիտուտների նկատմամբ բերում է տոքսիկ վիճակի: Կարելի է նման դիվերսիա անել թշնամու երկրում, եթե հակառակորդիդ թուլացնելու, ոչնչացնելու խնդիր ունես, որպեսզի հետո բանակի կիրառմամբ, ասենք, չթողնես, որ ինքը միավորվի, ոչնչացնես նրա հասարակությունը: Այն մարդիկ, ովքեր հայ լրագրողներ են և մեր երկրում անում են նույն բանը, ես նրանց դիտարկում եմ որպես մեր հասարակության մեջ հակառակորդի ներդրած դիվերսանտներ»»: