Արցախ
21:30 30/06/2020

Խորհրդակցություն Արցախում գյուղատնտեսության ոլորտի խնդիրների վերաբերյալ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին:

Շրջաններում իրականացվող բերքահավաքի և ոռոգման աշխատանքների, ինչպես նաեւ տեղերում առկա խնդիրների մասին համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչակազմերի ղեկավարները: Հանրապետության նախագահին չեն գոհացրել հատկապես հացահատիկային մշակաբույսերից ստացված բերքի ցածր ցուցանիշները, ինչը նա համարել է ոչ թե եղանակային անբարենպաստ պայմանների, այլ մասնավոր և պետական հատվածների կողմից ցուցաբերված ոչ լիարժեք մոտեցումների արդյունք: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարածքային կառավարման արդիականացման և համայնքների համաչափ զարգացման համար անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան բարձրացնել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետությունը: Այս համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը վերանայելու եւ այն Նախագահի 2020-2025 թվականների ծրագրին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Նախագահն անդրադարձել է նաև ոռոգման ջրի խնդրին և ընդգծել, որ առաջիկա ժամանակահատվածում պետական միջոցներով նախատեսվում է մեծածավալ աշխատանքներ իրականացնել՝ միաժամանակ ընդլայնելով ոլորտը համակարգող ընկերությունների լիազորությունները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհաշինությանը, սոցիալական տարբեր խմբերի բնակարանային խնդրի լուծմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը և տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ