fbpx
Մշակույթ

Նորարարական բեմադրություններ, ցուցահանդեսներ. մեկնարկում է Հայ ֆեստ թատերական փառատոնը

«Հայ ֆեստ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը, որը կանցկացվի նոյեմբերի 21-24-ը, նվիրված է փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայի հիշատակին։ Փառատոնը, որն այս տարի կրում է «Խոսքեր, խոսքեր, խոսքեր» խորագիրը, արվեստի երկրպագուներին հնարավորություն կտա դիտելու կենդանի և առցանց ներկայացումներ, որոնք հարուստ են նոր լուծումներով, մասնակցելու ցուցահանդեսների, կոնֆերանսի:

Արմենպրեսի հաղորդմամբ՝ նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ասաց, որ «Հայ ֆեստի» մեկնարկը կտրվի ցուցահանդեսով, որը կբացվի նոյեմբերի 21-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ «Կցուցադրվեն հին ներկայացումների մակետներ, և մի քայլ անելով դեպի անցյալ՝ կհասկանանք, թե ինչպիսին էր մեր թատրոնը: Բեմական տարածքներով շրջելու գաղափարը վերջերս կյանքից հեռացած փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայինն է։ Ցուցադրության համադրողը ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանն է: Աշխատանքներին աջակցել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը»,- նշեց Ղուկասյանը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 24-ը։

Առցանց հարթակում փառատոնի մեկնարկը կազդարարի Arlekin Players թատրոնը (ԱՄՆ)։ Հանդիսատեսի դատին կհանձնվի բեմադրիչ Իգոր Գոլյակի «chekhovOS» (փորձարարական խաղ) առցանց ներկայացումը՝ ըստ Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» պիեսի։

Այս ներկայացման ձևաչափն անսովոր է հանդիսատեսի համար. ինտերակտիվ ներկայացման մասնակիցը դառնալու համար պետք է գործի դնել սեփական սմարթֆոնը։ Ներկայացման ընթացում այն հեռակառավարման վահանակի դեր է տանում, և սյուժետային գիծը հնարավոր է փոխվի՝ կախված հանդիսատեսի ընտրությունից։

Անտոն Չեխովի դերում բալետի լեգենդ, դերասան, պրոդյուսեր Միխայիլ Բարիշնիկովն է։ Ռանևսկայայի դերում՝ «Թոնի» թատերական մրցանակի դափնեկիր Ջեսիկա Հեքթը։

Փառատոնի օրերին առաջին անգամ կցուցադրվեն մեծանուն բեմադրիչ Քշիշտով Գարբաչևսկու (Լեհաստան) «Բացատրություն» և «Աստծո դատաստանը վերջ տալով» VR (ներկայացում վիրտուալ իրականության մեջ) ներկայացումները։ VR ներկայացումներ կցուցադրի նաև Աուգսբուրդի (Գերմանիա) պետական թատրոնը։

Գերհագեցած կլինեն փառատոնի առցանց հարթակները. հեղինակային ներկայացումների ցուցադրություն, միջազգային կոնֆերանս՝ «Վերանայելով թվայինը՝ վերակերտում ենք արվեստը», ինչպես նաև zoom հանդիպումներ՝ թատրոնի հայտնի դեմքերի՝ Կիրիլ Սերեբրեննիկովի և այլոց հետ։

Փառատոնը կամփոփի «Տրոյացի կանայք» ներկայացումը՝ ըստ Եվրիպիդեսի։ Այն «Ռոյալ Դիստրիքթ» (“Royal District”) թատրոնի (Գերմանիա-Վրաստան) համատեղ նախագիծ է, որը կցուցադրվի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում։ Ներկայացման առանցքում կանայք են, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների կիզակետում և անցել դաժան փորձությունների միջով։

Արթուր Ղուկասյանի խոսքով՝ փառատոնը 2021-ին հատկապես մեծ ուշադրություն կդարձնի տեխնոլոգիաներին թատրոնում, կատարողական արվեստներում, կփորձի ցույց տալ, թե ինչպես է համավարակն ազդում արվեստի վրա: «Կան մարդիկ, որոնք փորձում են հաղթահարել այն, չդոփել տեղում և ասել, որ թատրոնը կենդանի է, նրանք փորձում են ասել, թե ինչպես է հնարավոր աշխատել սահմանափակումների ժամանակ, ինչ անել նոր բաներ հորինելու, ժամանակակից լինելու համար»,- շեշտեց նա:

Անդրադառնալով փառատոնի խորագրին՝ «Հայ ֆեստի» նախագահ ասաց, որ այն հորինել է Եվգենիա Պոդպոմոգովան՝ փորձելով ասել, որ մենք հաճախ խոսում ենք, բայց չենք գործում, իսկ վատ մարդիկ խոսում և գործում են: Ըստ Ղուկասյանի՝ մտավորականները պատասխանատու են հասարակության առաջ, որովհետև մարդիկ նրանց լսում են, նրանք կարծիք են ձևավորում և պետք է շատ զգույշ լինեն և հասկանան, որ յուրաքանչյուր բառ իմաստ ունի:

Փառատոնը կհյուրընկալվի նաև Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կարտացոլվեն բնակելի շենքերի պատերին։

«Հայ ֆեստն» անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

2019-2021 թվականներին Եվրոպական փառատոնների ասոցիացիան 715 եվրոպական փառատոններից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ