Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Շատ լավ հասկանում եմ, որ գրածս այս պահին շատերին դուր չի գա, բայց համարում եմ ճիշտ ևս մեկ անգամ բարձրաձայնել:
Ամեն ինչ սկսվեց գերիներին հերոսացնելուց՝ հաշվի չառնելով նրանց անձնական տվյալների գաղտնիությունը, հաշվի չառնելով նրանց իսկ անվտանգությունը, հաշվի չառնելով պետության անվտանգությունը:
Հոգատարության և մխիթարանքի փոխարեն իրականացվեց տրամագծորեն հակառակ գործողություններ, ստեղծվեց սխալ ասույթներ, որոնք ողողեցին հանրային տեքստերը «բոմբիկներով», ինչն էլ ժամանակ առ ժամանակ պայթել ու դեռ պայթելու է՝ վնասելով մեր պետական շահերը:
Ոչ մեկի համար չպետք է գաղտնիք մնար, որ ռազմագերիները հրադադարի հայտարարությունից հետո պահվեցին ադրբեջանական բանտերում որպես պատանդներ՝ Հայաստանից կորզելու հնարավորն ու անհնարինը: Սրա դեմ անվտանգության ու պաշտպանության ծառայությունները, դիվանագիտությունը և քաղհասարակությունը՝ քաղաքական պատասխանատուները և զանգվածային լրատվամիջոցներն էլ ներառյալ, շատ խիստ պայքար պետք է տանեն:
Այնինչ մենք ունեցանք հերթական «սկանդալը»: Թե ինչ նպատակ կարա հետապնդի տեսանյութի տարածումը, որտեղ Ալենը բացատրում է գերիների մասով իր մոտեցումները, թե ինչ նպատակ ուներ ինքն այդ մասին թեկուզ մասնավոր զրույցում խոսելով և կիրառելով որոշակի ինձ համար անընդունելի բառակապակցություններ, այնուամենայնիվ կարևոր է հասկանալ այս ամենը շատ ավելի մեծ կոնտեքստում, այլ ոչ թե դիպվածային: Դիպվածներում հնարավոր է, որ ցանկացած մարդ ոչ կոռեկտ լինի, չնայած իր պարագայում ինքն է նշում, որ դա սխալ է, հավանաբար նկատի ունենալով, որ չի ուզում սխալ ընկալվի:
Իսկ մեծ կոնտեքստը վերևում գրված է. իրենք պատանդներին չեն վերադարձնում Հայաստանին, իրենց ընտանիքներին, որպեսզի զիջումներ կորզեն: Դա ահաբեկչական գործելաոճ է, իսկ դրան նպաստող ամեն բան պետությանը դեմ է՝ կլինի Ալենի ասածները, թե այդ ամենը տարածելն ու հրճվելը կոռումպացված, դեստրուկտիվ շրջանակների կողմից:
Եվ երկու կարևոր բան ընդգծենք, որ պատերազմական վիճակում, դիրք պահելիս կամավոր գերի չպետք է հանձնվել, և երկրորդը, որ ադրբեջանական նպատակները չպետք է իրականացվեն մեր ազգային շահերի հաշվին ոչ պատանդների մասով, ոչ էլ մեդիայի անհեռատես գործադրման հետևանքով:
Տղերքին շուտափույթ վերադարձ, անկախ նրանից ադրբեջանական, թե ռուսական պատանդառության մեջ են, իսկ մեր երկրին ու կարծիք ձևավորողներին շուտափույթ ինքնիշխանություն ու ազատություն»: