fbpx
Հասարակություն

ՀՀ-ն կունենա առաջին հոգեբանական վերականգման կենտրոնը

Հայաստանը շուտով կունենա հոգեբանական վերականգնողական կենտրոն, որը տարածաշրջանում առաջինն է լինելու իր գերժամանակակից թվայնացված եռաչափ բուժման սարքերով:

Այն նախատեսված է օգնելու և վերականգնելու 44-օրյա պատերազմին մասնակցած զինվորների և կամավորների, նրանց հարազատների, ինչպես նաև արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած անձանց հոգեբանական առողջությունը:

«Հերոսների վերականգնողական քաղաք»-ի կառուցման աշխատանքն սկսվել էր դեռևս 6 ամիս առաջ, այժմ այն լիովին պատրաստ է: 44-օրյա պատերազմին մասնակից շուրջ 12 հազար զինծառայող սպասում է, որ այս կենտրոնում բուժում ստանա:

«Նախագիծն սկսել ենք հիմնադրել, երբ դեռևս պատերազմն ընթանում էր: Սա նեղ մասնագիտական հոգեբանական վերականգնողական կենտրոն է: Ամեն ինչ սկսվեց, երբ իմ լուսանկարչության ընկերությունը պատերազմի օրերին մեզ աջակցող մարդկանց շնորհիվ վիրահատական միջոցներ և դեղորայք ուղարկեց սահման: Այդպես որոշեցինք, որ պետք չէ այդ մարդկանց կորցնել, օգտակար գործ անենք: Ուսումնասիրեցինք և հասկացանք, որ վերականգնողական կենտրոն ստեղծելու գրեթե կարիք չկա, այդպիսի կենտրոնները շատ են մեզ մոտ և որոշեցինք ստեղծել հոգեբանական առողջության վերականգնողական կենտրոն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Հերոսների վերականգնողական քաղաք»-ի հիմնադիր Սուրեն Արեենցը:

Նրա խոսքով՝ կենտրոնում բոլոր մասնագետները հոգեբաններ են լինելու՝ տարբեր որակավորումներով, իրենց մասնագիտական հմտություններով: Կարճ ասած՝ այստեղ կատարվելու է հոգու վերականգնում:

Պռոշյան համայնքում քաղաքի կառուցմանը նպաստել են բարերարները, տեղի արտադրողները, ֆեյսբուքյան օգատերերը՝ հանգանակած գումարներով: Նախատեսվում է, որ կենտրոնում ամսական հնարավոր կլինի վերականգնել 100 զինվորի հոգեբանական առողջությունը:

«Ունենք գերժամանակակից թվայնացված եռաչափ բուժման սարքեր, որոնք հնարավորություն են տալու կանխել ինքնասպանությունների աճը: Մենք նաև ուսումնասիրել ենք և հասկացել, որ 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքները պատճառ են դարձել ինքնասպանությունների, երբ պատերազմի միջով անցած անձը կամ նրա հարազատը, չհաղթահարելով ձեռք բերած հոգեբանական խնդիրները, դիմել են և դիմում են այդ քայլին: Կենտրոնում ֆրանսիական մոդելն է ներդրված, որտեղ բուժումն իրականացվում է սոցիալական աջակցության ծրագրերի հետ համատեղ, այսինքն՝ բուժում ստացող տղաները և՛ աշխատանք են ունենալու, և՛ ուսում են ստանալու»- ընդգծում է Արեենցը:

Հոգեբանական խնդիրներ ունեցողների թիվը շատ է, ասում է «Հերոսների վերականգնողական քաղաք»-ի հիմնադիրը: Աշխատանքներ են տարվում հոգեբանական տարբեր կազմակերպությունների, ասոցիացիաների հետ, ինչպես նաև վերապատրաստման աշխատանքներ են տարվել պատերազմին զինվորներին հոգեբանական աջակցություն ցուցաբերած գնդերեցների, հոգևորականների և մասնագետների հետ:

Կենտրոնը դեռ 8 մասնագետ ունի: Նաև զբաղվում են անհատական հավաքագրմամբ՝ այցելելով մարզեր, քաղաքներ. աշխատանքներ են տարվում պատերազմին մասնակից զինծառայողների և նրանց հարազատների հետ: Հիմա շեշտը դրված է վերջին պատերազմին մասնակցածների վրա:

«Աշխատում ենք նաև այն երիտասարդների հետ, որոնք ունեն հոգեբանական կրթություն, բայց չեն աշխատում իրենց մասնագիտությամբ: Համագործակցում ենք ԱՄՆ-ից, Ֆրանսիայից մասնագետների հետ: Ամերիկայից առաջին մասնագետը կենտրոնի բացմանը կգա Հայաստան: Աշխատում ենք այն գնդերեցների և հոգևորականների հետ, որոնք պատերազմի ընթացքում հոգեբանական օգնություն են ցուցաբերել զինվորներին»,- նշում է նա:

«Հերոսների վերականգնողական քաղաք»-ն աշխատելու է 24-ժամյա ռեժիմով: Արեենցի խոսքով՝ կան անձինք, որոնք դեռևս չեն ուզում՝ հասարակությունը տեղյակ լինի, որ իրենք այցելում են հոգեբանական կենտրոն և ընտրում են երեկոյան այցերը:

Հիմնադիրն ասում է՝ այժմ գլխավոր նպատակը կենտրոնը երկհարկանի դարձնելն է, որտեղ հնարավոր կլինի մնալ նաև գիշերակացով: Նա նաև նշում է, որ այժմ «Ֆեյսբուք»-ի միջոցով գումար է հավաքվում, որպեսզի այդ գումարներով հնարավոր լինի աշխատավարձ տալ կենտրոնում աշխատանքի անցած կամ անցնող հոգեբաններին:

Աղբյուրը՝ armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ