Ալմաթիում զինված մարդիկ թալանում են խանութներն ու ցուցափեղկերը, կենտրոնական հրապարակում են հավաքվում անկարգություններ հրահրողները, ТАСС-ին հայտնել են իրադարձությունների ականատեսները։ Նրանց խոսքով՝ քաղաքում շարունակվում է թալանը։ Ալմաթիում ուժեղ կրակոցներ են սկսվել: Զինվորականները պահանջել են հեռանալ Հանրապետության հրապարակից և զգուշացրել են, որ կրակելու են։
Ալմաթիի Հանրապետության հրապարակում հնչած կրակոցների ժամանակ կան վիրավորներ, հայտնում են ականատեսները։
РИА Новости-ի թղթակիցն էլ հայտնել է, որ Ղազախստանի շրջանների միջև ավտոճանապարհները փակ են, մեքենաներին թույլ չեն տալիս անցնել:
Միաժամանակ, Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է երկիր օտարերկրյա քաղաքացիների մուտքը կասեցնելու մասին տեղեկությունը, հայտնում է Sputnik Ղազախստանը։ Տեղական մամուլը բացատրում է, որ խոսքը մուտքի արգելքի մասին չէ. թռիչքները չեղարկում են ավիաընկերությունները։