Ռուսական պատվիրակությունն այսօր ժամանել է Ժնև՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններին։
Միջգերատեսչական պատվիրակության կազմում են ՌԴ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։ Ռուսական դիվանագիտական ծառայության կողմից այն գլխավորում է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ամերիկյան դիվանագիտությունը կներկայացնի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։
Բանակցությունների հիմնական օրը նախատեսված է երկուշաբթի՝ հունվարի 10-ին։ Բայց, ինչպես և սպասվում էր, այսօր՝ հունվարի 9-ի երեկոյան, կողմերը կանցկացնեն հանդիպման «նախնական» մասը։
2021 թվականի դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրերի նախագծերը։ Դրանք ամերիկյան կողմին են հանձնվել դեկտեմբերի 15-ին ՌԴ դիվանագիտական ծառայությունում կայացած հանդիպման ժամանակ։