Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի վերջին արդյունքների՝ Հայաստանի բնակչության 98%-ը կազմում են էթնիկ հայեր, որոնց 92%-ը իրենց համարում են Հայ առաքելական եկեղեցու հետևորդ։
Ավելի վաղ կրոնական կազմակերպությունների հանդեպ ճնշումները ակնառու էին։ Կրոնական փոքրամասնությունները նշում էին, որ շարունակում են բախվել ատելության խոսքին ու իրենց համայնքների բացասական կերպարի խնդրին թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ իրական կյանքում։ Թվում էր, թե պատերազմն իր հետ կբերի կրոնական կազմակերպությունների հետևորդների հայացքները տարածելու խնդիր, սակայն, կարծես թե, տեղի է ունեցել հակառակը։ Հոդվածում խոսել ենք կրոնական կազմակերպությունների հետևորդների և մարդու իրավունքների փորձագետի հետ՝ հասկանալու համար պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են եղել կրոնական կազմակերպությունների հետևորդների կյանքում, արդյո՞ք նրանց հանդեպ ճնշումները նվազել են, ինչպե՞ս է այսօր հասարակությունը վերաբերվում նրանց։
«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ծառայող Արմեն Ստեփանյանը կարծում է, որ պատերազմն իր հետ պասիվություն չի բերել, մարդկանց վերաբերմունքը փոխվել է կրոնական կազմակերպությունների նկատմամբ, իսկ ճնշումները, հիմնականում սոցիալական ցանցերում, արտահայտվում են ոչ հարիր բառապաշարով։ Ամեն դեպքում, կազմակերպությունների հետևորդները անմասն չեն մնում հասարակության վերաբերմունքից։
Եհովայի վկաներ քրիստոնեական կրոնական կազմակերպության հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու Արթուր Իսպիրյանը նշում է, որ վերջին ժամանակներում հասարակութան կողմից ակտիվություն և սուր արձագանքներ չեն նկատում, իսկ հիմնականում հանդիպող ճնշումները կապված են ավանդական եկեղեցուց շեղվելու և բանակին առնչվող հարցերի շուրջ։ «Ճիշտն ասած, չենք նկատում, որ այդպիսի մոտեցում կա, թե կրոնական կազմակերպություններին չեն ընդունում։ Հայաստանում այնպես է, որ շատ շատերը անձամբ չեն ճանաչում Եհովայի վկաներին, այդ պատճառով իրենց վերաբերմունքը չեզոք է։ Երբ նախքան համավարակը քաղաքի տարբեր մասերում մեր ստենդներն ու ցուցատախտակներն էինք դնում, անցորդները սուր չէին արձագանքում, հատուկ մարդկանցից ինչ-ինչ պատճառներով հայացներ էինք նկատում։ 2013 թվականից այլընտրանքային ծառայության մասին օրենքը գործում է Հայաստանում, Եհովայի վկաները իրենց պարտքը կատարում են՝ 3 տարի պետությանը ծառայելով։ Այդ հարցերի շուրջ այլևս լուրջ տարաձայնություններ չկան»,- ասում է Իսպիրյանը։
Մարդու իրավունքների փորձագետ, ԵՀՀ-ում՝ ծրագրի ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանի կարծիքով՝ այնպես չէ, որ կրոնական փոքրամասնությունները Հայաստանում առհասարակ խնդիրներ չունեն։ «Կա ինստիտիուցիոնալ խտրականություն, որը, սակայն, վերջին տարիներին հասցեագրվում է նաև կառավարության կողմից։ Օրինակ, մի շարք օրենքներ, որոնք խտրական դրույթներ էին պարունակում կրոնական կազմակերպությունների անդամների նկատմամբ՝ փոփոխվում են։ 2019թ․ ԵՀՀ-ն իրականացրեց Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողով, որին բացման խոսքով ելույթ ունեցան ՀՀ վարչապետը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը և այլոք։ Վարչապետը իր խոսքում նշեց, որ կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը, ինչը, իհարկե, դրական մեսիջ է հենց կրոնական կազմակերպություններին, բայց նաև ավելի լայն հասարակության համար։ Իսկ հասարակական վերաբերմունքը՝ ըստ իս, տարբեր է՝ համայնքից համայնք, կրոնական կազմակերպությունից՝ կրոնական կազմակերպություն»,- ասում է Նիկոլայ Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ճնշումների նվազման պատճառներից մեկը այն է, որ տարիներ շարունակ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների մասին հանդուրժողականության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։ Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ձևավորմանը։
Սովորաբար նկատվում է, որ Առաքելական եկեղեցու հետևորդները սոցիալական ցանցերում ավելի ակտիվ են։ Կարող են հանգիստ տեղադրել նկարներ՝ արված եկեղեցում։ «Կյանքի խոսք»-ի հետևորդ Արմեն Ստեփանյանի խոսքով՝ նա առանց խնդրի կարող է իր կրոնական հայացքների մասին խոսել։ «Եթե ինձ է վերաբերվում, ապա ես խնդիր չունեմ, որովհետև երկար տարիների ուղի եմ ունեցել։ Սոցիալական ցանցերում իմ գործողությունների մեջ ևս ազատ եմ։ Դա մարդու բնավորությունից և էությունից է կախված, իհարկե, ինչ-որ տեղ մարդիկ ընկճվում են»,- նշում է նա։
Իսկ ինչպես նշում է Արթուր Իսպիրյանը՝ անհատը, թե ինչ է ցանկանում սոցիական ցանցերում գցել, դա իր գործն է։
Համավարակի պայմաններում Եկովայի վկաները այսօր անձամբ մարդկանց տներ չեն այցելում` հաշվի առնելով համավարակի սահմանափակումները։ Դա է պատճառը, որ 2 տարիների ընթացքում մարդկանց արձագանքը ակնհայտ չեն նկատել։ «Մարդիկ տարբեր են, մոտեցումները ևս, ընդհանուր առմամբ մարդիկ ավելի տոլերանտ են դարձել։ Մեծ մասամբ դա կապված է այն բանի հետ, թե ԶԼՄ-ներում ինչ է շրջանառվում։ Վերջին տարիներին ԶԼՄ-ները փոքր-ինչ ավելի զուսպ են կրոնական կազմակերպությունների մասին խոսելու հարցում, մարդիկ ավելի բաց են նայում դավանանքի հարցին։ Եթե չեն ցանկանում լսել, Եհովայի վկանները չեն պարտադրում իրենց գաղափարները և ուսմունքները։ Տարբերությունը նախորդ տարիների համեմատ բավականին ակնհայտ երևում է, քանի որ սուր չեն արձագանքում, երբ Աստվածաշնչից ինչ-որ թեմայով խոսում ես իրենց հետ»,- ասում է Իսպիրյանը։
Կան շրջանառվող լուրեր, թե կրոնական կազմակերպությունների հետևորդները պետք է ամուսնանան իրենց իսկ կրոնական հայացքները ունեցող անձի հետ։ Արթուր Իսպիրյանը և Արմեն Ստեփանյանը ինձ հետ զրույցում ներկայացրեցին, որ այլ կրոնական հայացքներ ունեցող անձանց հետ ամուսնանալը իրենց համար խնդիր չի հանդիսանում, եթե տվյալ անձը կայացրել է իր կյանքում նման որոշում։
Հովեյան Վիկտորյա