Պուտավոր զգեստով աղջիկը Մանեն է, ով չենթարվեց հայկական կարծրատիպային մտածելակերպին ու ընտրեց երջանիկ լինելու ճանապարհը: Անկախ խնդիրներից, նա չվախեցավ ամեն բան զրոյական կետից սկսելուց: Հիմա Մանեն գնահատված կին է, երջանիկ մայրիկ, սիրված բլոգեր ու պահանջված գրքերից մի քանիսի հեղինակ:
Իբրև նախաբան
-Ո՞վ է Մանեն, կներկայացնեք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:
– Մի քանի տարի առաջ կասեի, որ տանը, աշխատանքում, ընկերների հետ ես տարբեր մարդիկ եմ: Բայց հիմա բոլորը ինձ նույն կերպ են տեսնում, այնպիսին ինչպիսին կամ: Եվ որպես հայ աղջիկ, և որպես մայր, կին, բլոգեր ու գրող. ես պարզ եմ, արդար, բարի ու առանց ձևականությունների:
– Ձեր բլոգում հաճախ եք պատմում դժվարությունների ու անցած ճանապարհի մասին, այն հայկական քարացած մտածողության մասին, որին բախվել եք, բայց երբեք դրա “զոհը” չեք դարձել։ Ի՞նչն է ստիպել պայքարել ու հաղթել։ Ո՞րն է պայքարող Մանեի կարգախոսը։
-Ես չգիտեի, որ ես պայքարող տեսակ եմ, մինչև այն պահը, երբ ինձ բառացիորեն ասեցին,-«եթե ուզում ես ընտանիքդ պահել, պետք է ռոբոտի նման դառնաս, այսինքն ոչ թե մտածես, այլ անես այն ինչ ասում են»: Էդ պահից սկսած ես հասկացա, որ ես չեմ կարող հողին հավասարացնել ծնողներիս տված դաստիարակությունն ու ուժը: Ես վստահ էի, որ ինձ մտածելու կարողություն են տվել, որ ես լինեմ երջանիկ այլ ոչ թե ռոբոտ: Ու այդ պահից սկսեցի ավելի վստահ ու նպատակային օգտագործել մտածելուս կարողությունը:
Ամեն բան զրոյական կետից սկսելու մասին
-Երջանիկ լինելու համար գնացիք Ֆրանսիա, ամեն բան սկսեցիք զրոյական կետից. չէիք վախունո՞ւմ, դժվա՞ր չէր։
-Չէ՞ի վախենում: Ի՞նչ է վախը: Եթե կարողանաք գտնել սահմանում, ես կպատասխանեմ էս հարցին: Դժվար չէ՞ր: Ասեմ՝ դժվարությունն ու հեշտությունը հարաբերական բառեր են: Մեկի համար դժվարը մյուսի համար հեշտ կարող է լինել: Ես ունեցա պահեր, որոնք հաղթահարելու համար ինձնից ջանքեր պահանջվեցին: Բայց ես գտա լուծումները, որ ավելի հեշտ ու լավ լինի:
-Ինչի՞ մասին է պատմում Փարիզը
-Իմ աչքերով՝ սիրո: Իսկ ավելի ուշադիր ու առանց իմ ակնոցների նայելով՝ տարբեր ազգերի, տարբեր գույների, տարբեր սերերի, հրաշքի ու խաբեության, հնի ու նորի մասին է:
Երջանիկ լինելու մասին
-Ձեր ամուսինը ֆրանսիացի է, ինչո՞վ է ֆրանսիացի տղամարդը տարբերվում հայ տղամարդուց։
-Դրոշներն ու ազգությունը կապ չունի: Ամեն տեղ էլ մարդիկ կամ երջանիկ են կամ չէ:
Մամայական
-Ձեր աղջիկը՝ Անին ունի հայկական անուն, մկրտվել է հայ առաքելական եկեղեցում, բայց սերտ կապեր ունի նաև ֆրանսիական միջավայրի հետ, ինչպե՞ս եք պահում բալանսը։
-Բալանս պահել հնարավոր չի: Իմաստ էլ չունի: Պարզապես ապրում ենք, չմոռանալով ով ենք: Ապրում ենք, չկորցնելով մեր լեզուն, մեր գեղեցիկ ավանդույթները:
-Անիի մաման, ինչո՞վ է տարբերվում Մանեի մամայից, կա՞ն նմանություններ։
-Անիի մաման Մանեի մամայից տարբերվում է եսասիրությամբ: Իմ մայրը ինքնամոռաց իր կյանքը նվիրել է ընտանիքին ու երեխաներին: Իսկ ես շատ եսասեր եմ, որ ինձ մոռանամ, բայց աշխատասիրությունը իմ ու մորս ընդհանուր կողմ է:
-Հաճախ եք խոսում եսասեիրության մասին, հասարակության կողմից սխալ ընկաումների դեմ պայքարու՞մ եք։
-Չեմ պայքարում, պարզապես իմ օրինակով ցույց եմ տալիս, որ եսասիրությունը այնքան էլ շրջապատի վրա թքած ունենալը չէ, այլ սեփական մարմինը, օրգանիզմը, ցանկությունները, կարծիքը հարգելն է: Ես ինձ սիրում եմ ավելին քան որևէ մեկին ու դա է օգնում, որ հարգեմ ուրիշների «ես»-երը ու արդյունքում ամուսինս ու աղջիկս էլ ունենան իրենց անհատական տարածքը, կարծիքը, ցանկությունը և այլն: Ինչի արդյունքում էլ բոլորը երջանիկ են: Երևի:
Ստեղծագործող Մանեն
-Մեկ անգամ ասել եք, որ ընկերական շրջապատում մի նախադասություն են ասել, որը եղավ բեկումնային, կպատմե՞ք այդ նախադասության մասին:
-Ընկերուհուս հետ սրճարանում նստած էինք: Պատմում էի ճամփորդությանս մասին, ասեցի- «Մինչև հիմնական ուտեստը կբերեին, պատուհանի մոտ տեղ ազատվեց»: Այս նախադասությունից էլ ստեղծվեց առաջին գիրքս:
-Ձեր գրքերը ինքնակենսագրական են, գրել եք այն, ինչ ապրել ու զգացել եք։ Չէի՞ք վախենում այդչափ անկեղծանալուց։
-Առաջին գիրքս գրելուց մի քիչ զգուշանում էի: Հետո ինձ հարց տվեցի «ինչի՞ց, ումից՞, ինչու՞»: Չգտա պատասխաններն ու հաջորդ գիրքը բացարձակ անչակերտ էր:
-Նաև պոեմներ եք գրել՝ նվիրված հայրենիքին ու հայ զինվորին, որը կռվում է ու կյանքն է զոհում։ Պոեմներից մեկում ասել էիք հետևյալը,- «Մենք պետք է ապրենք նրանց փոխարեն» . պատասխանատու հայտարարություն է չէ՞։ Երբևէ մտածել եք ինչպե՞ս կընդունի այս արտահայտությունը որդի կորցրած մարդը, կամ մենք իրո՞ք այդքան ուժեղ ենք նրանց փոխարեն ապրելու համար։
-Մենք ուրիշ տարբերակ չունենք, որպեսզի արժանի լինենք նրանց մահվան: Միակ արժանավայել տարբերակը ապրելն ու մեր հայրենիքը կերտելն է: Նրանց քույրերին մայրերին ապացուցելն է, որ հայորդիները «հանուն» են զոհվել, այլ ոչ թե «իզուր»:
-Ամպերը խենթացնում են Ձեզ. ո՞րն է գաղտնիքը։
-«Վազող ամպերի հետքերով» գրքիս մեջ պատասխանը մանրամասն կա:
-Ի՞նչ բացահայտեցիք “վազող ամպերի հետքերով” գնալու ճանապարհին։
-Որ իսկական հզորները հարգում, գնահատում ու երջանկացնում են: Այլ ոչ թե ճնշում ու ռոբոտացնում:
-Պուտավոր զգեստող աղջիկը ինչո՞վ է նման այսօրվա Մանեին:
-Համառությամբ, նպատակասլացությամբ արդարությամբ
Իբրև վերջաբան
-Ինչո՞ւ Մանեն դարձավ բլոգեր ու ի՞նչ ունի նա տալու իր լսարանին։
-Բլոգ սկսելու առաջին պատճառը հայերենիս ու շփմանս պակասը լրացնելն էր: Այդ մասին ևս մանրամասն գրված է Վազող ամպերի հետքերով գրքումս:
-Իսկ լսարանիս տալիս եմ կարծրատիպեր կոտրելու մոտիվացիա, երջանիկ լինելու իրավունքի վերականգման մոտիվացիա, ֆրանսիական կյանքին ծանոթանալու ու իմ հետ ճամփորդելու հնարավորություն մամայական թեմաներ ու լիքը հավես բաներ:
Հեղինակ՝ Աննա Ասմանգուլյան